Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմն այսօր կրկին փորձել է առաջխաղացում կատարել, որը կասեցվել է․ ԼՂ ՊԲ


Այսօր առավոտյան ժամը 9։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության բանակը՝ նշելով, որ մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանական կողմը միջադեպի մասին առայժմ չի հաղորդում:

Բաքուն շաբաթ օրը հայտարարեց, թե ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար: Արցախի տեղեկատվական շտաբը, մինչդեռ, հայտարարեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում»:

XS
SM
MD
LG