Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ճգնաժամը խորանում է


Ֆրանսիա - Ցուցարարի ձեռքի պաստառին գրված է՝ «Սառնարանը դատարկ է, հուսահատությա՛ն բռնություն», 23-ը մարտի, 2023թ.
Ֆրանսիա - Ցուցարարի ձեռքի պաստառին գրված է՝ «Սառնարանը դատարկ է, հուսահատությա՛ն բռնություն», 23-ը մարտի, 2023թ.

Ֆրանսիայում ճգնաժամը խորանում է, կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը նոր թափ են հավաքում, երեկ ամբողջ երկրով մեկ միլիոնից ավելի մարդ է փողոց դուրս եկել. սա ոստիկանության տվյալն է, ըստ արհմիությունների՝ ցուցարարները երեք անգամ ավելի էին։

Փարիզում բողոքի ակցիաներն ուղեկցվեն են բռնություններով, ոստիկանների ուղղությամբ քարեր, շշեր են նետվել, կոտրվել են խանութների ապակիներ, հրկիզվել են մեքենաներ, աղբամաններ, այրվել է Բորդոյի քաղաքապետարանի մուտքը։ Իրավապահներն ուժ են կիրառել։ Մոտ 500 մարդ է ձերբակալվել, 400-ից ավելի ոստիկան՝ վնասվածք ստացել։

Ելիսեյան պալատը հաղորդեց, որ Մեծ Բրիտանիայի թագավորի՝ Փարիզ կիրակի նախատեսված այցը հետաձգվում է։

Դժգոհության ալիքը ուժգնացավ նախագահ Մակրոնի նախօրեի հարցազրույցից հետո, այս թեմայով տևական լռությունից հետո Ֆրանսիայի առաջնորդը հայտարարեց, թե մտադիր չէ հրաժարվել իր այս նախաձեռնությունից՝ ցուցարարներից պահանջելով դուրս չգալ օրինականության շրջանակից:

«Այս բարեփոխումը շքեղություն կամ հաճույք չէ, անհրաժեշտություն է։ Կարծում եք ինձ դո՞ւր է գալիս այս դրությունը: Ոչ: Բայց որքան երկար սպասենք, այնքան վիճակը կվատթարանա: Բյուջեն հավասարակշռելու հարյուր ճանապարհ չկա, այս բարեփոխումը պետք է առաջ տանել», - ասաց Մակրոնը:

Կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու օրենսդրական փոփոխությունը, չնայած հանրային լայն ընդվզմանը, իշխանություններն ընդունեցին արագացված կարգով, առանց խորհրդարանում քննարկման՝ օգտվելով Սահմանադրության ընձեռած հնարավորությունից, ինչն ավելի բորբոքեց կրքերը։

«Մենք հոգնել ենք մի նախագահից, որը կարծում է, թե ինքը Լյուդովիկոսն է, նա մեզ չի լսում, իրեն թվում է, թե միակն է, որ գիտի՝ ինչն է լավ այս երկրի համար», - ասում է ֆրանսիացի թոշակառու ցուցարարը։

Մինչդեռ Մակրոնն այսօր Բրյուսելում արդեն ավելի էր կոշտացրել հռետորաբանությունը․ «Մենք մեր օրակարգն ունենք և առաջ ենք շարժվում։ Որևէ բան չենք զիջելու բռնության սպառնալիքի տակ, ես խստագույնս դատապարտում եմ բռնությունը»:

Սոցհարցումները վկայում են, որ ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է այս փոփոխությանը ու պատրաստ փողոցում պայքարել դրա դեմ։ Մեծամասնությունը նաև աջակցություն է հայտնել գործադուլներին, որոնք խաթարել են դասերն ուսումնական հաստատություններում, կաթվածահար է հասարակական տրանսպորտը և աղբահանությունը՝ աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկը՝ Փարիզը թողնելով աղբի գարշահոտ կույտերի մեջ։ Գործադուլ են անում օդանավակայանների աշխատակացիները, զբոսաշրջիկների համար փակ են Էյֆելյան աշտարակը, Վերսալի պալատը։

2018-ին վառելիքի հարկերի բարձրացման դեմ «դեղին բաճկոնների» հուժկու ցույցերից հետո սա Մակրոնի իշխանության ամենածանր փորձությունն է։ Ըստ ֆրանսիացի փորձագետների՝ իշխանությունները հաշվարկել էին, որ դեղին բաճկոնների պես բողոքի այս ալիքը աստիճանաբար կմարի։ Սակայն արհմիությունները արդեն առաջիկա երեքշաբթի հայտարարել են բողոքի համազգային հաջորդ ակցիան, ցույցերը դարձյալ ուղեկցվելու են գործադուլներով։

Իրավիճակը կարող էր մեղմել Կառավարության հրաժարականը, հնչում էին կանխատեսումներ, որ Մակրոնը պաշտոնանկ կանի վարչապետին՝ կրքերը հանդարտեցնելու համար։ Սակայն շաբաթասկզբին իշխանական մեծամասնությունը տապալեց գործադիրին անվստահություն հայտնելու ընդդիմության նախաձեռնությանը։

Մինչև այս փոփոխությունը 62 տարեկանով Ֆրանսիան Եվրոպայում ամենաերիտասարդը թոշակի ուղարկող երկրներից էր, Գերմանիայում, օրինակ, կենսաթոշակային տարիքը 65 է, ապագայում դառնալու է 67, Իտալիայում, Դանիայում, Հունաստանում հիմա էլ 67 տարեկանից են կենսաթոշակ տրամադրում, Իսպանիայիում, Պորտուգալիայում կենսաթոշակային տարիքը 66 է, մերձբալթյան երկրներում՝ 64։

XS
SM
MD
LG