Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանը մերժեց Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը


Ֆրանսիա - Ընդդիմության ակցիան խորհրդարանում, Փարիզ, 20-ը մարտի, 2023թ.
Ֆրանսիա - Ընդդիմության ակցիան խորհրդարանում, Փարիզ, 20-ը մարտի, 2023թ.

Ֆրանսիայի խորհրդարանը երեկ մերժեց Կառավարությանն անվստահություն հայտնելու՝ ընդդիմադիրների նախաձեռնությունը՝ ավելի խորացնելով ներքաղաքական լարվածությունը։ Պատգամավորները հայտարարում էին, որ այս որոշումը նոր թափ է հաղորդելու ամբողջ Ֆրանսիայով վերջին օրերին անցկացվող բազմահազարանոց ցույցերին։

Հունվարից Ֆրանսիայում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել նախագահ Մակրոնի որոշումը՝ կենսաթոշակային տարիքը 62-ից դարձնել 64։ Չնայած հանրային լայն ընդվզմանը՝ իշխանություններն օրենսդրական այս փոփոխությունն ընդունեցին արագացված կարգով, առանց խորհրդարանում քննարկման՝ օգտվելով Սահմանադրության ընձեռած հնարավորությունից, ինչն ավելի բորբոքեց կրքերը։

Կառավարությանն անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 287 ձայն, նախագիծը ստացավ ընդամենը 9-ով պակաս քվե, ինչպես ֆրանսիական մամուլն է ձևակերպել՝ գործադիրն այս անգամ հազիվ պահպանեց գոյությունը։

Տեղացի վերլուծաբանները, սակայն, չեն բացառում, որ լարվածությունը մեղմելու համար նախագահ Մակրոնն առաջիկայում պաշտոնանկ կանի վարչապետ Էլիզաբեթ Բորնին, որը երեկ խորհրդարանում պաշտպանում էր կենսաթոշակային բարեփոխումները։

Բազմահազարանոց ցույցերի ֆոնին, նախագահը նախօրեին միայն կարճ հաղորդագրություն է տարածել՝ հույս հայտնելով, որ օրենքը ժողովրդավարական ճանապարհով իր հանգրվանին կհասնի:

Դեռ անցած տարվա նախագահական քարոզարշավին Էմանյուել Մակրոնը հայտարարել էր ընտրվելու դեպքում կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու իր վճռականության մասին։

Իշխանությունների այս նախաձեռնությունը վերջին ամիսներին հարյուր հազարավոր մարդկանց է ֆրանսիական քաղաքների փողոցներ դուրս բերել, կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելով Կառավարությունը ծրագրում է տարեկան 18 միլիարդ եվրո խնայել։ Սոցհարցումները վկայում են, որ ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է այս փոփոխությանը ու պատրաստ փողոցում պայքարել դրա դեմ։
Օրենքը տարածվելու է նաև այն մարդկանց վրա, որոնց 62 տարեկանը լրանում է այս տարի, այսինքն՝ նրանք թոշակի համար ստիպված կլինեն սպասել ևս 2 տարի։

Մինչև այս փոփոխությունը 62 տարեկանով Ֆրանսիան Եվրոպայում ամենաերիտասարդը թոշակի ուղարկող երկրներից էր, Գերմանիայում, օրինակ, կենսաթոշակային տարիքը 65 է, ապագայում դառնալու է 67, Իտալիայում, Դանիայում, Հունաստանում հիմա էլ 67 տարեկանից են կենսաթոշակ տրամադրում, Իսպանիայիում, Պորտուգալիայում կենաթոշակային տարիքը 66 է, մերձբալթյան երկրներում՝ 64։

XS
SM
MD
LG