Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց կենսաթոշակային փոփոխությանը


Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիա, Ֆրանսիա
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիա, Ֆրանսիա

Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) հավանություն է տվել կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխմանը՝ ողջ երկրում հունվարից դրա դեմ անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին: Twitter-ում քվեարկության արդյունքները հրապարակել է հանրապետության վարչապետ Էլիզաբեթ Բորնը։

«Հարյուրավոր ժամեր տևած բանավեճից հետո Սենատն ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների տեքստը: Բարեփոխման վճռական փուլ, որը կապահովի մեր կենսաթոշակների ապագան: Մենք լիովին պատրաստ ենք նրան, որ առաջիկա օրերին կկայացվի վերջնական որոշումը», - նշել է կառավարության ղեկավարը։

Բարեփոխմանը կողմ է քվեարկել 195 սենատոր, դեմ՝ 112։

Սենատի կողմից տեքստի հաստատումից հետո Ազգային ժողովի յոթ պատգամավորներից (ստորին պալատ) և յոթ սենատորներից բաղկացած համատեղ հանձնաժողովը պետք է համաձայնեցնի բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հանձնաժողովի նիստը տեղի կունենա մարտի 15-ին։ Եթե դրանից հետո խորհրդարանականները վերջնական տեքստի շուրջ համաձայնության գան, այն քվեարկության կդրվի մարտի 16-ին՝ նախ Սենատում, ապա Ազգային ժողովում։ Եթե երկու պալատներն էլ կողմ քվեարկեն փաստաթղթին, այն վերջնականապես կհաստատվի։

Հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ 62-ից 64 տարեկան։ Նոր ռեժիմը կկիրառվի 1961 թվականի սեպտեմբերին կամ դրանից հետո ծնված ֆրանսիացիներից սկսած։

Երկրում տարբեր ակցիաներ, համազգային գործադուլ է անցկացվել այս փոփոխության դեմ։

XS
SM
MD
LG