Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի մասնակիցների թիվը հասել է 1 միլիոնի


Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ շաբաթ օրը՝ ամբողջ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի չորրորդ օրվա ցույցերին մասնակցել է 963 հազար մարդ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Le Figaro թերթը գրում է, որ այս անգամ ցուցարարների ռեկորդային թիվ է գրանցվել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Լիոնում, Բորդոյում, Թուլուզում և այլն։

Արհմիությունները սպառնացել են մարտի 7-ին համազգային գործադուլով, նրանք մտադիր են այդ օրը «ամբողջովին կանգնեցնել Ֆրանսիան բոլոր ոլորտներում», եթե իրենց պահանջը չլսվի։

Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունների ասոցիացիայի՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Մարտինեսն ասել է, որ «գնդակը գտնվում է հանրապետության նախագահի և կառավարության դաշտում, նրանցից է կախված՝ շարժումը (բողոքի) կուժեղանա, թե ոչ»։

Մի շարք գործողություններ, այդ թվում՝ Փարիզում, ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներ կազմակերպելու փորձերով։ Իրավապահները հատուկ տեխնիկա են կիրառել, նրանց հաջողվել է վերահսկել իրավիճակը։

Հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ 62-ից 64 տարեկան։ Նոր ռեժիմը կկիրառվի 1961 թվականի սեպտեմբերին կամ դրանից հետո ծնված ֆրանսիացիներից սկսած։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը 2022 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու իր վճռականության մասին մինչև երկրորդ նախագահական մանդատի ավարտը։

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը սկսել է կառավարության կողմից կենսաթոշակային բարեփոխումների նախագծի քննարկումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG