Մատչելիության հղումներ

Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից


Ամիսներ շարունակ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններից հետո Հայաստանը հրաժարվում է ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Պաշտոնական Երևանը կառույցին արդեն տեղեկացրել է այս մասին։ Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում այս որոշման պատճառներից խոսել չցանկացավ։

Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դժգոհությունը ՀԱԿՊ-ից։ Երևանը կառույցից պահանջում էր դատապարտել անցած տարի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, բայց պահանջն այդպես էլ անկատար մնաց։ Հունվարին էլ Երևանը չեղարկեց Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները, վարչապետ Փաշինյանը պարզաբանեց՝ կառույցից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու՝ որն է դաշինքի պատասխանատվության գոտին։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը է դիտարկում է Մոսկվայի առաջնորդած դաշինքի ու Երևանի հարաբերությունների կոնտեքստում. - «Քաղաքական ուղերձ չէ։ Կարծում եմ, այն գործընթացները, որ ընթանում են Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև, ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ»։

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի ագրեսիան դատապարտող քաղաքական գնահատականի բացակայության պայմաններում Հայաստանը անցած տարի մերժեց ՀԱՊԿ դիտորդների տեղակայման առաջարկը Ադրբեջանի հետ սահմանին։ Արդյո՞ք սա դաշինքից դուրս գալուն միտված քայլ է։ Արմեն Գրիգորյանը ուղիղ պատասխան չի տալիս, կրկնում է վարչապետի դիտարկումը, թե խնդիրն այն չէ, որ Հայաստանը կարող է լքել ՀԱՊԿ-ը, այլ այն, որ կառույցը կարող է հեռանալ Հայաստանից. - «ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը, փորձում է օգտագործել Բաքվի փաստարկները և մեզ համոզել, որ այնտեղ սահման չկա։ Մինչդեռ այնտեղ կա սահման... Ի դեպ, Ալմա Աթային հռչակագիրը երբեմն փորձում են մեր դեմ օգտագործել նույնիսկ մեր գործընկերները։ Բայց կարող են Ալմա Աթայի հռչակագրով ասել, որ Ալմա Աթային հռչակագրով հայտարարվել է, որ ադմինիստրատիվ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչվում են որպես միջպետական սահման։ Մենք ճանաչում ենք այդ միջպետական սահմանը, Ալմա Աթային հռչակագրի նշումը Պրագայում մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու այդ սահմանը, և մենք գալիս ենք պաշտպանելու այդ սահմանը։ Մինչդեռ դա չեն օգտագործում, օգտագործում են Բաքվի արգումենտները»։

«Քաղաքական կամքի հարց է», - շեշտում է Գրիգորյանը. եթե ՀԱՊԿ-ում ցանկանան օգնել Հայաստանին, բոլոր միջոցները կօգտագործեն և դրա համար հիմնավորումներ կգտնեն. - «2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում երբ որ Հայաստանը օգնության էր դիմում, ասում էին, որ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չի, Հայաստանի Հանրապետության տարածք չէ, դրա համար չենք օգնում։ 2021-22 թվականին մենք դիմել ենք, որպեսզի օգնեն Հայաստանի Հանրապետության հենց սուվերեն տարածքը պաշտպանելու, և ստացել ենք զրո աջակցություն։ Նույնիսկ որոշ բաներում Ադրբեջանի նարատիվների օգտագործում, որ ոչ միայն աջակցություն չէ, այլ նաև հակառակորդին աջակցություն է»։

Ընդդիմությունից, մինչդեռ, իշխանության հասցեին մեղադրանքներ են հնչում այս որոշման համար։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

«Սա ոչ ռացիոնալ քայլ է», - շեշտում է ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։ - «Իրականում ՀԱՊԿ-ի դեմ արշավը Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են իրենց իշխանության գալուց հետո։ Պետք է հիշենք առաջին հարվածը՝ դժվարությամբ Հայաստանին վստահված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անակնկալ ձերբակալություն-կալանքը, ՀԱՊԿ-ի հեղինակությունը ուղղակի զրոյացնելը ողջ միջազգային հանրության առաջ։ Ու դրանից հետո պարբերաբար ՀԱՊԿ-ի դեմ հարձակումները, պարբերաբար տեղի-անտեղի ՀԱՊԿ-ին թիրախավորելը։ Եվ սա տեղավորվում է էդ նույն քաղաքականության մեջ, որ էդ ամենը Նիկոլ Փաշինյանը օգտագործում է ուղղակի հերթական անգամ հանրությանը մոլորեցնելու, մաչոյական, տղայական խաղեր խաղալու և իբր թե դրանով հասարակության մեջ սեփական վարկը բարձրացնելու, կամ անկում ապրած վարկը փրկելու համար»։

Դաշնակցական պատգամավորի գնահատմամբ, իշխանությունները հանրությունից թաքուն ստվերային գործընթաց են սկսել, որն իր մեջ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու տարր է պարունակում. - «Ցավոք սրտի, մենք անցնող չորս տարիներին, բազմաթիվ այս իշխանությունների ավերիչ քայլերից հետո ունեցել ենք ծանր արձագանքներ, և ցավոք սրտի, դրա պատասխանը տալիս է ոչ թե իշխանությունը, իշխանության մեկ, երկու, երեք անմիտ ներկայացուցիչները, այլ ողջ հասարակությունը, երկիրը, երկրի անվտանգային համակարգը»։

ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարը՝ Ստանիսլավ Զասը երեք տեղակալներ ունի, Ռուսաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները։ Երեք տարին մեկ ռոտացիոն սկզբունքով տեղակալները փոխվում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG