Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական հարաբերությունների վերանայման կարիք կա. քաղաքագետներ


Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվել են, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ զորավարժությունները Հայաստանում չեն անցկացվի, Պեսկովի առաջին արձագանքը շատ կարևոր էր: Ինքն ասաց՝ «մենք տեղյակ չենք», դա նշանակում է, որ մեր ղեկավարները՝ Հայաստանի ու Ռուսաստանի խոսում են վերջնագրերով՝ press conference-ներ միջոցով: Կոպիտ ասած, մերոնք տեղյակ չեն պահել այդ որոշմանը ռուսական կողմին, Պեսկովը դա է ասում, դա դիվանագիտությունում համարվում է շատ վատ նշան: Դա նշանակում է, որ չկա կուլուարային աշխատանք, որը շատ ընդունված է: Եթե մենք ռազմավարական պարտնյոր ենք, դրա մասին մենք պետք է տեղյակ պահեինք, գոնե Պեսկոն ասում է, որ տեղյակ չենք պահել: Ես կարծում եմ, որ տեղյակ պահեցինք, բայց պարզ է՝ դրանով Ռուսաստանը սրում է», - ասաց Գրիգորյանը:

Փորձագետն ընդգծեց՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պետք է փորձի տարանջատել հայ-ռուսական հարաբերությունները ՀԱՊԿ-ից:

«Հաճախ ՀԱՊԿ-ը կապում են միայն Ռուսաստանի հետ, բայց փոխվեց ՀԱՊԿ-ում իրավիճակը: ՀԱՊԿ-ում դերը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի աճեց, էդ պետությունները ակտիվ աշխատում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ու եթե 10 տարի առաջ Ռուսաստանը կարող էր համոզել իրենց, որ կոպիտ ասած, նույն կարծիքն ունենան ինչ-որ հարցի շուրջ, հիմա շանս չկա: Օրինակ՝ եթե նույնիսկ ինչ-որ չափով Ռուսաստանի հետ նորմալացնենք հարաբերությունները, ես չեմ հավատում, բայց եթե, դուք ՀԱՊԿ-ով չենք կարող փոխել ՀԱՊԿ-ի վերաբերմունքը մեր նկատմամաբ, Բելառուսը կյանքում չի փոխի իր կարծիքը, իրենք Ադրբեջանի հետ լուրջ ծրագրեր են վարում: Նույնը ՀԱՊԿ-ի մյուս երկրները», - ընդգծեց փորձագետը:

«ՀԱՊԿ-ից դուրս գալը իր հետ բերելու է հայ-ռուսական հարաբերությունների վերանայման»

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի կարծիքով՝ Եթե ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը սկսվի, կտեսնենք, որ երկկողմ մակարդակում՝ Հայաստան-Ռուսաստան, շատ բաց ոլորտներ են մնում:

«Անհրաժեշտություն է առաջանալու վերանայել իրավապայմանագրային բազան, դրա համար այդ գործընթացը պետք է զուգակցվի ռուսական կողմի հետ աշխատանքով: Միշտ ընդգծում եմ, դա պետք է լինի հաստափոր թղթապանակ, որը պետք է դրվի ռուս գործընկերների առջև, և որտեղ առաջին էջի վրա պետք է հստակ գրված լինի, որ Հայաստանը ընտրել է իր համար ոչ բլոկային զարգացման ուղին: Այսինքն՝ ՀԱՊԿ-ը լքելը միտված է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային: Այնուհետ սկսել գույքագրել խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, այն ոլորտները, որտեղ ըստ էության կա իրավապայմանագրային բազա, բայց այդ բազան չի աշխատում: Հիմա կողմերը շատ բաց, խաղաքարտերը դրել են սեղանին, գաղտնիքներ չկան, շատ լավ գիտենք՝ ով ինչ պետք է աներ և ինչ չի արել ու ինչու չի արել: Այսինքն՝ արդեն այն ժամանակն է, այդ կողմերը կարող են բաց տեքստերով իրար հետ խոսել»:

ՀԱՊԿ-ից դուրս գալը, ըստ Մարգարյանի, իր հետ բերելու է հայ-ռուսական հարաբերությունների վերանայման:

«Սա մենք պետք է ֆիքսենք, որ սա անխուսափելիորեն տեղի է ունենալու», - նշեց փորձագետը:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG