Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը հետևողականորեն ցույց է տալիս իր դժգոհությունը ՀԱՊԿ-ից. փորձագետ


Պաշտոնական Երևանը հետևողականորեն ցույց է տալիս իր դժգոհությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), վարչապետի երեկվա հայտարարությանն է անդրադառնում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ նախապես ծրագրված ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն կայանա։

«Սա արտացոլում է իշխանությունների հետևողականությունը ՀԱՊԿ վերաբերյալ դիրքորոշումների առումով։ Մենք շատ լավ հիշում ենք, որ սեպտեմբերյան ագրեսիային ՀՀ-ն դիմեց ՀԱՊԿ-ին, որպեսզի ՀԱՊԿ-ն ակտիվացնի չորրորդ հոդվածը, բայց ՀԱՊԿ-ը ոչ միայն չակտիվացրեց չորրորդ հոդվածը, այլ նաև նույնիսկ քաղաքական մակարդակով որևէ հայտարարություն չարեց, որ դա ագրեսիան կկոչեր ագրեսիա», - նշեց նա։

Վարչապետը զորավարժությունները չեղարկելու պատճառներից, երեկ, սակայն, չխոսեց։ Ընդգծեց միայն, թե այս իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարում զորավարժություններ անցկացնել։ Թե ի՞նչ իրավիճակ նկատի ուներ, այդպես էլ չպարզաբանեց։ Միայն հավելեց, որ պաշտպանության նախարարն արդեն ՀԱՊԿ-ին տեղեկացրել է Երևանի որոշման մասին։ ՀԱՊԿ-ը շտապեց հայտարարել, թե զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրի տարածքում։

Արդյո՞ք վարչապետի հայտարարությունը Հայաստան-ՀԱՊԿ խորացող ճգնաժամի մասին էր վկայում, հատկապես երբ սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո Երևանը, դիմելով ռազմաքաղաքական կազմակերպությանը, այդպես էլ չստացավ Բաքվի ներխուժումը դատապարտող քաղաքական հայտարարություն։ Արմինե Մարգարյանի կարծիքով՝ Երևանը որպես շարունակություն պետք է պաշտոնական խողովակներով բաց տեքստերով ներկայացնի, թե ինչու նպատակահարմար չեն զորավարժությունները Հայաստանում։

«Այստեղ շատ ավելի հակված եմ այդ քայլն ընկալելու որպես հետևողականության դրսևորում, ես ինքս շատ անհանգստացած էի, որ մենք այդ հետևողականությունը չենք ցուցաբերի, բայց շատ գովելի է, որ մենք գնում ենք այս ճանապարհով, և նորից պիտի ընդգծեմ, որ հուսով եմ, որ արդեն կվերածվի շատ ավելի լուրջ վերանայված քաղաքականության, և հետևողական ռազմական ոլորտում մեր մասնակցության կրճատումը ՀԱՊԿ-ի շրջանակներում և նաև ռազմատեխնիկական ոլորտում, և նաև արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման դիրքորոշումների, և հետզհետե մենք արդեն կբռնենք կազմակերպությունը լքելու ճանապարհը», - ասաց փորձագետը։

Փաշինյանի այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց նաև պաշտոնական Մոսկվան։ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, և Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ, այդ թվում՝ դժվար հարցերի շուրջ, երեկ հայտարարեց Կրեմլի խոսնակը։

«Սա բավականին նոր հայտարարություն է Հայաստանի վարչապետի կողմից։ Կարծում եմ՝ ՀԱԿՊ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG