Մատչելիության հղումներ

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Կահիրեում հանդիպել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ, օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:

Միրզոյանը Կահիրեում է մարտի 7-ից՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:

Հաագայի դատարանը Հայաստանի դիմումն Ադրբեջանի դեմ բավարարեց փետրվարի 22-ին՝ պարտավորեցնելով բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն որոշումից ավելի քան 2 շաբաթ անց էլ միջանցքը շարունակում է փակ մնալ։ Եվրամիությունը հասցեական կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ու բոլոր պատասխանատուներին՝ ենթարկվել դատարանի որոշմանն ու երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

XS
SM
MD
LG