Մատչելիության հղումներ

Դե Վաալ․ «2023՝ անապահովության տարի Հայաստանի համար»


«2023 թվականը Հայաստանի համար ծանր տարի է լինելու», - «Քարնեգի» հիմնադրամի կայքում օրերս հրապարակված հոդվածում պնդում է Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Հայաստանի անապահովության տարին» վերնագրված այս հոդվածում բրիտանացի վերլուծաբանը նկատում է․ - «Հայերը դեռ երբեք իրենց այսքան խոցելի չէին զգացել, ինչպես 2020 թվականի պատերազմում Ադրբեջանից կրած պարտությունից հետո, մի իրավիճակում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է անողոք ճնշում բանեցնել»։

Որպես ասվածի ապացույց Դե Վաալը մատնանշում է նախորդ տարվա ամռանը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից Հայաստանում անցկացված հարցման արդյունքները։

«Հայաստանցիների 54 տոկոսն ասել է, որ գլխավոր մտահոգությունը երկրի անվտանգությունն է, այլ ոչ թե ներքին կամ տնտեսական խնդիրները», - գրում է հոդվածի հեղինակը։

Ընթացիկ տարում, ըստ Դե Վաալի, իրադարձությունները կարող են զարգանալ մի շարք սցենարներով՝ ամենամռայլ տարբերակներից մինչև ամենալավատեսականները։

Մռայլների թվում են նոր բախումներն Ադրբեջանի հետ, ռուսական ճնշումը նաև ներքին անկայությունը։ Ավելի լավատեսական սցենարներն, ըստ վերլուծաբանի, կարող են ներառել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագրի կնքումը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդումը։

«Արտաքին քաղաքական ասպարեզում Փաշինյանը հեղափոխական է»

Բրիտանացի վերուծաբանի խոսքով՝ այս ողջ խառնաշփոթի էպիկենտրոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Նա, ըստ Թոմաս դե Վաալի, իշխանության գալով 2018 թվականի հեղափոխության ծնած ոգևորության ալիքի վրա՝ թեև անարդյունավետ էր 2020-ին, որպես պատերազմող երկրի առաջնորդ, խոստացված բարեփոխումներն էլ, հատկապես դատաիրավական հակամարգում և լրատվամիջոցների սեփականության հարցում, ուշացրել էր, այնուհանդերձ կարողացավ վերընտրվել 2021 թվականի ընտրությունների ժամանակ։ Պատճառն, ըստ հոդվածագրի, այն էր, որ «ընդդիմության թեկնածուները հայ ընտրողի համար անգամ ավելի անընդունելի էին»։

«Արտաքին քաղաքական ասպարեզում, սակայն, Փաշինյանը հեղափոխական է», - պնդում է Դե Վաալը՝ հիշատակելով մասնավորաբար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը, ինչպես նաև Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Երևանի դժգոհությունները բարձրաձայնելը։

«Փաշինյանը բացահայտ հայտարարում է Ռուսաստանից Հայաստանի ռազմական և տնտեսական կախվածությունից իր մտահոգությունների մասին։ Չնայած Մոսկվայից հնչող աղմկալի դժգոհություններին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպառնալից հայտարարություններին՝ Փաշինյանը նաև բացահայտորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ օգտակարությունը», - գրում է Դե Վաալը։

Փորձագետը նաև հիշեցնում է, որ Մոսկվայի դժգոհությունների առիթներից ևս մեկը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն էր Հայաստանի տարածքում։

Խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին՝ Թոմաս դե Վաալը չի բացառում, որ Արդարադատության միջազգային դատարանի նախորդ շաբաթ կայացված վճռից հետո ճանապարհը կարող է բացվել։ «Չի բացառվում, որ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործարքի կնքումը սարերի հետևում չէ», - ենթադրում է բրիտանացի վերլուծաբանը։

«Վարդանյանին պաշտոնից հեռացման հարցում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարողացել էին ընդհանուր լեզու գտնել»

Իր հրապարակման մի զգալի մասը Թոմաս դե Վաալը նվիրում է Լեռնային Ղարաբաղի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շուրջ զարգացումներին։

«Լայն կապերով օժտված ռուսահայ գործարար» Վարդանյանին պաշտոնից հեռացման հարցում, ըստ Դե Վաալի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարողացել էին ընդհանուր լեզու գտնել։ Ավելի գլոբալ խնդիրներում, սակայն, հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները, ըստ վերլուծաբանի, այս պահին քիչ հավանական են, սակայն որոշակի հեռանկարներ կարող են ծագել՝ հատկապես ԵՄ կողմից հովանավորվող բանակցային գործընթացի շրջանակներում։

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդությամբ ընթացող բանակցությունները սպասվածից մեծ առաջընթաց արձանագրեցին։ ԵՄ-ն ի տարբերություն Մոսկվայի, որպես անկողմնակալ միջնորդ է ընկալվում, բացի այդ զուրկ է Վաշինգտոնի կրած բեռից», - գրում է Դե Վաալը՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ տեսանելի ապագայում խաղաղ պայմանագրի կնքման հեռանկարները քիչ հավանական են։

«Առկա է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որոշակի հեռանկար»

Փոխարենը, նրա կարծիքով, առկա է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որոշակի հեռանկար։

Ընդգծելով, որ հայ-թուրքական երկխոսության խորացմանը ողբերգական իրադարձությունները նպաստեցին՝ այն է փետրվարի 6-ի երկրաշարժը և դրան հետևած զարգացումները, հոդվածագիրը նկատում է․ - «Մարտի 25-ին, երբ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կմեկնի Երևան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը, ֆուտբոլային դիվանագիտությունը կրկնելու հնարավորություն կստեղծվի՝ այն դիվանագիտությունը, որից սկիզբ առան 2008 թվականին կարգավորման բանակցությունները», -գրում է Թոմաս դե Վաալը։

Հայաստան-Թուրքիա շփումները 2000-ականների սկզբին | Նորագույն պատմություն
please wait

No media source currently available

0:00 0:35:43 0:00

«Հայաստանում այս պահին ամեն ինչ անվտանգության մասին է։ Փաշինյանի գործողությունները կարող են լուրջ քաղաքական հակազդեցության, անգամ պոտենցիալ քաղաքական բռնության հանգեցնել։ Շատերը կցանկանային, որ նա ձախողվեր՝ թե՛ Ռուսաստանում և թե՛ հայկական սփյուռքի որոշ հատվածներում», - գրում է բրիտանացի վերլուծաբանը՝ նշելով, սակայն, որ Հայաստանի շուրջ զարգացումներն առաջիկայում հիմնականում կախված են լինելու արտաքին խաղացողներից։

«ԵՄ-ն և Միացյալ Նահանգները կարող են օգնել Երևանին՝ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տնտեսությանը, ինչպես նաև երաշխավորելով խաղաղ գործընթացի արդար զարգացումը։ Ծավալվող իրադարձությունները, սակայն, ոչ թե Հայաստանից են կախված, այլ այն որոշումներից, որ կկայացնեն Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան՝ թերևս, ամենից առաջ Ադրբեջանի կայացրած որոշումներից», - համոզված է Թոմաս դե Վաալը։

Վերլուծաբանի խոսքով՝ եթե Ադրբեջանը առճակատման լեզուն փոխարինի համոգրծակցության կոչերով, ապա դա կօգնի թուլացնել Հայաստանում տիրող անապահովության զգացումը և երկրի գերկախվածությունը Ռուսաստանից։

«Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ պատմության էջը շրջելու դժկամությունը, սակայն, ավելի շատ անցյալի այլ ոչ թե ներկայի հետ կապ ունի։ Եվ հենց նրա որոշումներն են, որ առաջիկա մի քանի ամիսներին խիստ կարևոր են լինելու», - «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակած հոդվածում պնդում է Թոմաս դե Վաալը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG