Մատչելիության հղումներ

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու համար պետք է առավելագույն ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան


Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու համար պետք է առավելագույն ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց դատարանում Հայաստանի հայցը ներկայացրած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հայաստանի Հանրապետությունը անելիք բնականաբար ունի էս ուղղությամբ», - նշեց Կիրակոսյանը։

Նա ընդգծեց, որ դիվանագիտական և քաղաքական գործընթացը չպետք է կտրված լինի իրավականից. - «Ամբողջ պրոցեսը, բնականաբար, քաղաքական է, և այդ ամբողջ քաղաքական պրոցեսը ենթադրում է նաև աշխատանք»։

Հինգ օր առաջ Հաագայի դատարանը հօգուտ Հայաստանի միջանկյալ որոշում էր կայացրել և պարտավորեցրել Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ օրերս հայտարարել էր, որ որոշումը ենթակա է հարկադիր կատարման։

«Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչու է Լաչինի միջանցքը շարունակում փակ մնալ, Կիրակոսյանն պատասխանեց, թե միջազգային իրավունքում հարկադրանքի հստակ մեխանիզմներ չկան. - «Չունենք նման ինստիտուտ, որը զբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Գիտեք նաև, էն մարմինը, որը որ որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և նաև որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, դա Անվտանգության խորհուրդն է, օրինակ, որը էն մարմինն է, որը երբ որ խնդիր առաջանա, կամ երբ որ պրոբլեմային դառնա հարցը, պետք է, կամ իրավասու կլինի միջամտելու գործընթացին։ Եվ ինքներս էլ հասկանում ենք, որ Անվտանգության խորհրդի միջամտությունը այսօր բարդ է... շատ պարզ ասած՝ բարդ է։ Որովհետև կան մշտական անդամներ, որովհետև մշտական անդամները աշխատում են իրենց տրամաբանությամբ։ Ստեղ քաղաքականացվածությունը հարցի, կարծում եմ, շատ բարձր է»։

Միջազային իրավունքի փորձագետները ևս առաջարկում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով պարտադրել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Սա հնարավոր տարբերակներից մեկն է, համամիտ է Կիրակոսյանը, թեև վստահ չէ, որ երկրներից մեկը չի օգտվի վետոյի իրավունքից. - «Չեմ կարող նշել, թե որ պետությունը կլինի, որ դեմ կքվեարկի։ Խնդիրը էն է, որ ոչ թե խոսում ենք նրան, որ անպայման պետք ա մշտական անդամներից որևէ մեկը դեմ լինի։ Ուղղակի խոսում ենք էն մասին, որ գոնե էդ մշտական անդամների շրջանում կոնսենսուս պետք է ունենաս, երբ որ ԱԽ բերում ես հարց։ Այսինքն՝ նախնական դու պետք ա հասկանաս, որ որոշ մշտական անդամները դեմ չեն լինի առնվազն, որ էդ հարցը գնա օրակարգ։ Անհնար չեմ համարում սա, որովհետև էս էն հարցը չի, որտեղ որ տենց շատ մեծ խնդիր կլինի։ Բայց միգուցե նաև խնդիրներ կլինեն։ Կարծում եմ, գաղտնիք չէ, թե որ երկրները պոտենցիալ կուզենան կամ չեմ ուզենա»։

Հնարավոր սցենարից մեկն էլ այն է, որ դատարանը կարող է 3 դատավորից կազմված կոմիտե ստեղծել՝ ավելի մոտիկից հետևելու, թե որքանով են կատարվում որոշումները։ Մեկ այլ գործիք է փաստահավաք առաքելությունը, որի միջոցով ՄԱԿ–ի մարմիններին ներկայացվում է, թե ինչ իրավիճակ է տեղում դատարանի որոշումից հետո։ Այս ուղղությամբ, Կիրակոսյանի փոխանցմամբ, դեռ աշխատանքներ են տարվում։

Օրերս ՄԱԿ-ի առաքելության հարցը քննարկել էին Հայաստանի վարչապետն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ պայմանավորվել էին քննարկումները շարունակել։ Որևէ հստակություն, սակայն, այս հարցով չկա:

Իսկ ի՞նչ հետևանքներ կունենա դատարանի որոշման անտեսումը Ադրբեջանի համար։ Ըստ Կիրակոսյանի, գուցե այդ հետևանքներն այսօր տեսանելի չեն, բայց միջազգային կառույցների, երկրների դատապարտող կոչերը կարող են ձնագնդի էֆեկտ ունենալ։

Հաագայի դատարանը մերժել էր Հայաստանի մյուս պահանջը՝ պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ Նշել էին, թե բավարար ապացույցներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում մատակարարումը։

Այս առնչությամբ Կիրակոսյանն ասաց. - «Ըստ իս, համոզիչ եղել են [ապացույցները] առնվազն։ Դատարանին միգուցե ավելի շատ ապացույց է պետք եղել, որպեսզի եզրակացնի ուղղակի Ադրբեջանի պատասխանատվությունը։ Բայց փաստ է, որ էդ գտնվում է իրենց պատասխանատվության գոտում։ Առնվազն էն հանգամանքը, որ եթե նույնիսկ վնասված է, և հնարավորություն չի տրվում, օրինակ, մոտենալու, հասկանալու և վերանորոգում իրականացնելու, դա ևս առաջացնում է որոշակի պատասխանատվություն։ Էս ուղղությամբ մենք, բնականաբար, շարունակելու ենք աշխատանքները»։

Հաագայի դատարանը միաձայն մերժել էր միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի դիմումը։ Բաքուն պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Միջազգային դատարանը հայտարարեց՝ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից բացի միմյանց դեմ հայցեր են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հաագայում միջանկյալ հայցերը բուն գործերի շրջանակներում էին ներկայացվել, իսկ հիմնական գործերի քննությունը երկու դատարանում էլ կարող է տարիներ տևել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG