Մատչելիության հղումներ

ԵՄ-ը հաստատել է Հայաստանում դիտորդական առաքելություն ստեղծելու որոշումը


ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։

«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», - նշված է ԵՄ խորհրդի այսօր տարածած հաղորդագրության մեջ։

«Հայաստանում առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման նոր փուլի մեկնարկն է ազդարարում։ ԵՄ շարունակելու է աջակցել լարվածության թուլացմանն ուղղած ջանքերին՝ հանձնառու լինելով աշխատել երկու կողմերի հետ՝ վերջնական նպատակ ունենալով տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Արձագանքելով Հայաստանի պահանջին՝ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր հիմունքների վրա պարեկություն կիրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին, ինչը կմեծացնի ԵՄ իրազեկման մակարդակը։ Առաքելությունը նաև կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին», - նշված է ԵՄ հաղորդագրության մեջ։

ԵՄ խորհուրդը նաև տեղեկացնում է, որ առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված, դրա կենտրոնակայանը գտնվելու է Հայաստանում։

«Քաղաքացիական գործողությունների հրամանատար է նշանակվել ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության քաղաքացիական ծրագրավորման բաժնի ղեկավար Ստեֆանո Տոմատը», - տեղեկացնում է ԵՄ՝ հավելելով, որ Հայաստանում դիտորդների գործողությունների համակարգող պաշտոնյայի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG