Մատչելիության հղումներ

Բաքուն Արցախի ներկայացուցիչների հետ երկխոսությունը կայացած է համարում


Երկխոսությունը կայացել է, երեկ Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է ադրբեջանական կողմի բանագնաց Ռամին Մամեդովը։

Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի շտաբում տեղի ունեցած փակ հանդիպման մասին ադրբեջանցի պատգամավորը Caliber թերթին որոշ մանրամասներ է պատմել։

«Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ առաջնային պայմանավորվածությունն այն է, որ անհրաժեշտության դեպքում բանակցություններում կարող են ներգրավվել տարբեր ոլորտի մասնագետներ», - ասել է Մամեդովը։

Թե ինչ է սա ենթադրում, Մամեդովը փակագծեր չի բացել։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ երեկվա հանդիպման հիմնական թեման «Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերն ու հնարավորություններն էին, մարտահրավերները, որոնք խոչընդոտում են այդ շրջանում խաղաղության հաստատմանը»։

«Իմ հիմնական նպատակն ու խնդիրն է՝ արագացնել Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրումն Ադրբեջանի ընդհանուր սոցիալ-մշակութային, տնտեսական կյանքին», - որպես Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու, իր լիազորություններն է պարզաբանել Ռամին Մամեդովը և հիշեցրել, որ նման ձևաչափով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին նախագահ Ալիևն անցած շաբաթներին Մյունխենում էր հայտարարել։

Լրատվամիջոցի հարցին, թե Ղարաբաղի հայերը պատրա՞ստ են Ադրբեջանի ամենօրյա կյանքին վերաինտեգրմանը, Մամեդովն ուղիղ չի պատասխանել, միայն ասել է, որ իր տպավորությամբ, հանդիպման մասնակիցների հետ որոշակի շփում ստացվել է։

«Որպես առաջին հանդիպման արդյունք, կարելի է արձանագրել, որ երկխոսությունը կայացել է», - ասել է Մամեդովը։

Ադրբեջանական կողմի բանագնացը չի հստակեցրել, թե կողմերը կոնկրետ որ խնդիրներին են անդրադարձել՝ սահմանափակվելով միայն մեկ բառով՝ հումանիտար։

«Մենք անդրադարձել ենք հիմնականում հումանիտար խնդիրներին, հետագայում մի շարք հումանիտար հարցեր լուծելուց հետո կարող ենք առաջ շարժվել և քննարկել ավելի լայն ձևաչափի հարցեր», - ասել է Մամեդովը։

Պաշտոնական Ստեփանակերտը հաստատում է՝ ադրբեջանցիների հետ հանդիպմանը քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր՝ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում»։

Ինչ վերաբերում է ինտեգրացիոն գործընթացին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել է՝ բացառվում է որևէ ինտեգրացիոն գործընթաց։

Ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարի համաձայն, երեկվա հանդիպմանն Արցախից մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Ադրբեջանական պատվիրակության կազմում Մամեդովից բացի Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովն էր, ըստ «Թուրան» գործակալության, նաև Էկոնոմիկայի նախարարության անշարժ գույքի պետական ծառայության և «Ազերգոլդ» ընկերության մասնագետները։

Լրատվամիջոցը նշում է, որ դրանք այն նույն պաշտոնյաներն են, որոնց հայերն ամիսներ առաջ թույլ չեն տվել մոնիտորինգ իրականացնել Ղարաբաղի ոսկու հանքերում։

Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարող Մամեդովը Ալիևի առաջնորդած կուսակցության պատգամավորներից է, ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում, դպրոց հաճախել Շուշիում, Բաքու է տեղափոխվել ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։

Իր վերջին հարցազրույցներից մեկում, արձագանքելով ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին, նա պնդել է, թե Հայաստանի ղեկավարը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից։

«Նման ապակառուցողական մոտեցումն ապագա չունի», - ասել է ադրբեջանցի պատգամավորը՝ շեշտելով, որ «Բաքուն տարիներ ի վեր պայքարում է հայկական անջատողականության դեմ և կարևորում այդ երևույթի դեմ միջազգային մակարդակով ավելի ուժեղ պայքարը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG