Մատչելիության հղումներ

Գնդակը Թուրքիայի դաշտում է, իրենք այժմ պետք է ցույց տան, թե որքանով են մարդասեր․ քաղաքագետ 


Հայաստանը Մարգարայի կամրջով մարդասիրական օգնություն է ուղարկում երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, 11-ը փետրվարի, 2023թ
Հայաստանը Մարգարայի կամրջով մարդասիրական օգնություն է ուղարկում երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, 11-ը փետրվարի, 2023թ

«Գնդակը իրենց դաշտում է, մենք մերն արեցինք»․ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի համոզմամբ՝ Հայաստանը ճիշտ քայլ արեց՝ օգնության ձեռք մեկնելով երկրաշարժից տուժած Թուրքիային։ Այժմ Անկարան պետք է ցույց տա՝ ինչպես է պատասխանելու պաշտոնական Երևանի քայլերին․ եթե, իսկապես, մարդասիրական քայլեր անելու ցանկություն ունեն, ապա նախևառաջ կարող են ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։

«Թող իրենք ցույց տան, թե ինչքանով մարդասեր են և ինչքանով, իսկապես, ուզում են եղբայրական ձևով մեզ վերաբերվել, թող ցույց տան։ Արցախում հիմա երրորդ ամիսն է՝ մեր հայրենակիցները գտնվում են բլոկադայի մեջ, սովամահ են լինում, լավ կլիներ, որ ինչ-որ քայլեր լինեին այդ ուղղությամբ, կամ ազատվեին մեր գերիները Բաքվում», - ասաց Խաչիկյանը։

Թե ինչպես կարձագանքի Անկարան, ըստ քաղաքագետի, կախված է այդ երկրի ներքին քաղաքականությունից։ Թուրքիան, գուցե, ի պատասխան, որոշ քայլեր անի, գուցե Անիի կամուրջը վերանորոգվի, բայց դժվար թե փոխի իր մեծ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

«Իմ կարծիքով՝ որոշ զիջումներ հնարավոր են, որոշ ժեստեր հնարավոր են, բայց Զանգեզուրի միջանցքից չեմ կարծում որ հրաժարվեն և Սյունիքից չեմ կարծում, որ հրաժարվեն։ Իմ կարծիքով՝ Թուրքիան ավելի հետաքրքրված է Զանգեզուրով, քանի որ իրենք ստեղծում են այդ պրոյեկտը՝ Թուրանը․ զինված ուժերը երկու տարուց հետո դառնալու են մի բանակ՝ Թուրքիան և Ադրբեջանը մի բանակ են ունենալու։ Այսինքն՝ գնում է խորը ինտեգրացիա Ադրբեջանի և Թուրքիայի, և առաջին կտորը, որ պետք է դրա համար, դա Սյունիքն է, որպեսի նրանք կարողանան անխափան ինտեգրացիա անեն։ Այսինքն՝ աշխարհագրությունը չի փոխվում, ցավոք սրտի, մարդասիրությունից։ Հիմա թող իրենք ցույց տան, թե իրենց մարդասիրությունը որտեղ կհասնի», - ասաց քաղաքագետը։

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման հնարավորության մասին՝ Արթուր Խաչիկյանն ասում է, թե հնարավոր է, որ այդ քայլին գնալու համար Թուրքիան մի շարք նախապայմաններ առաջ քաշի, օրինակ, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվի Արցախից։

«Հնարավոր է, որ նրանք պնդեն, որ միայն այդ պայմաններով կբացեն իրենց սահմանը», - ասաց Խաչիկյանը։

Թուրքիայի արտգործնախարարը երեկ Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել էր, թե պետք է պահպանեն համերաշխությունը Հարավային Կովկասում։

Չավուշօղլուն շեշտել էր, թե Հայաստանի մարդասիրական գործելակերպը, կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG