Մատչելիության հղումներ

Թուրքիայում նման ողբերգության պայմաններում ոգևորիչ է տեսնել Հայաստանի աջակցությունը. Կլաար


Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հայկական օգնությունը երկրաշարժից տուժած հարևան Թուրքիային։

«Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում ոգևորիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունն ու դրան հետևած դրական արձագանքը», - գրել է Կլաարն իր թվիթերյան էջում։

Թուրքիայում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հատել է 29 հազարը, փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի փրկարար ջոկատների համագործակցությամբ Ադիյամանում երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից երկրաշարժի յոթերորդ օրը, այսօր հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով երեկ 100 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել այնտեղ։

44-օրյա պատերազմից հետո մեկնարկած բանակցություններում Թուրքիան ներկայացնող դեսպան Սերդար Քըլըչն ավելի վաղ թվիթերյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ու նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ օգնությունն իրականություն դարձնելու ջանքերի համար:

Հայաստանի բանագնացն էլ արձագանքել էր։ «Ուրախ ենք, որ կարող ենք օգնել», - գրել էր Ռուբեն Ռուբինյանը։

Հայաստանը փրկարարներ ու հումանիտար օգնություն նաև Սիրիա է ուղարկել։

XS
SM
MD
LG