Մատչելիության հղումներ

Թուրքիային սահմանամերձ Մարգարայում քչերը դրական սպասում ունեն հարաբերությունների կարգավորումից


Վերջին չորս օրվա ընթացքում 30 տարի փակ Մարգարայի կամուրջը երկու անգամ բացվեց, բայց կարճ ժամանակով: Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունն այս կամրջով հասավ երկրաշարժից տուժած Թուրքիա։

Ժամանակին 170 մետր երկարությամբ այս կամուրջը իրար էր կապում հայկական Մարգարան ու թուրքական Ալիջանը։ Այժմ տեղում չգործող անցակետի մոտ աշխատելու համար հատուկ թույլտվություն է պետք։ Սահմանամերձ գյուղում ուշադիր հետևում են դիվանագիտական զարգացումներին, բայց քչերը դրական սպասումներ ունեն:

«Էսօրվա դրությամբ դռները բաց կքնեմ ես, որ թուրքը մտավ ստեղ, ոնց ուզում է լինի, իր անպետքությունն անի, հանգիստ չեմ կարա լինեմ, պիտի դռները փակես, նոր քնես», - ասում է տեղացիներից Աշոտ Մարգարյանը:

Նրան չի ոգևորում 44-օրյա պատերազմից հետո սկսված հայ-թուրքական հաշտեցման նոր գործընթացը։ Սահմանների հնարավոր բացման շուրջ քննարկումներն անհանգստացրել են 68-ամյա տղամարդուն. «Մեր ապրանքը սկի չի ծախսվում, ժողովուրդն էսքան կոտորվում է, որ էնդեղից բերեն, ջրի գին սարքեն, բա էս գյուղացին ի՞նչ պիտի անի»:

Մարգարան մայրաքաղաքից շուրջ 35 կմ է հեռու, ավելի քան 1000 մարդ է ապրում այստեղ։ 49-ամյա Վարդան Վարդանյանը ևս կարծում է, որ եթե սահմանները բացվեն, իրենց աճեցրած բերքն ու աշխատանքն այլևս ոչ մեկին պետք չի լինի՝ շուկան կլցվի հարևան երկրի արտադրանքով. «Ավելի լավ պիտի լինի: Եթե մի ապրանք մի քիչ քիչ է լինելու, ոնց որ հիմա է, եթե մի ապրանք մի քիչ քիչ է, մի քիչ թանկ է շուկայում վաճառվում, Պարսկաստանով է, Պարսկաստանից է, Թուրքիա ապրանքդ Պարսկաստանով է, լցվում է չէ՞ շուկան, մենք բոլորս տեսնում ենք դա, ու նորից էժանանում է ապրանքը: Հիմա ավելի շուտ դա տեղ կհասնի, հիմա եթե երկու օրվա մեջ պիտի հասնի, հիմա մի ժամ հետո շուկան կծփա թուրքական ապրանքով: Գյուղացու օգուտն էդտեղ ո՞րն է»:

Ուկրաինական արմատներով 76-ամյա Ալեքսանդրա Հովհաննիսյանը թեև հիմնականում համաձայն էր համագյուղացիների հետ, բայց և շեշտում էր, ինքը պատմություն լավ գիտի, միշտ էլ երբ հնարավոր է, պետք է բանակցել. «Եթե կարելի է մի բան դեսպանական ձևով հարթեցնել, արժե, բայց ի՞նչ իմանաս, գնալով ամեն ինչ վատանում է»:

Մարգարայում չեն մոռանում նաև արդեն երկու ամիս ադրբեջանցիների կողմից արգելափակված Լաչինի միջանցքի մասին։ Ասում են՝ Արցախում էլ պակաս հումանիտար ճգնաժամ չէ, և Ադրբեջանի ազդեցիկ դաշնակից Թուրքիան ցանկության դեպքում կարող էր լուծել այս հարցը. «Էրդողանը որ մարդ ա, թող ասի՝ ախպեր, հայերն էսքան եկան, փրկեցին, թե թող ասի, սահմանները բացեք, մարդիկ գնան, գան, էսքան վեշ են բերել, մեր բնակչությանը տվեցին, բայց էնտեղ բան չկա, սոված են մարդիկ»:

Գյուղում շատերն ասում էին՝ լավ կլինի, թե վատ, չեն կարող ասել, դա քաղաքական այրերի գործն է։

XS
SM
MD
LG