Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային այնքան, որքան որ պետք է. Բայդեն


Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային այնքան, որքան որ պետք է, երեկ հայտարարեց նախագահ Ջո Բայդենը՝ Կոնգրեսին ու ամերիկայի ժողովրդին հասցեագրած ամենամյա ուղերձում։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծեց՝ նրանք, որոնք դեմ են գնում ԱՄՆ-ին, հիմա հասկանում են, թե որքան են սխալվել․ «Պուտինի հարձակումը քննություն էր Ամերիկայի ու աշխարհի համար՝ արդյոք մենք կպայքարենք հանուն մեր ամենահիմնարար սկզբունքների։ Արդյոք մենք կպաշտպանենք ինքնիշխանությունը։ Արդյոք կպաշտպանենք մարդկանց՝ բռնապետությունից ազատ ապրելու իրավունքը, և արդյոք սատար կկանգնենք ժողովրդավարությանը»։

Խոստանալով շարունակական աջակցություն՝ Բայդենը միաժամանակ չհայտարարեց Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի կամ՝ նախաձեռնության մասին։

«Թող որևէ մեկը հանկարծ չսխալվի»

Երկրի վիճակի մասին տարեկան ուղերձում ԱՄՆ առաջնորդը երկու անգամ անդրադարձավ արտաքին քաղաքականությանը․ մեկը՝ Ուկրաինայի դեպքում, մյուսը՝ Չինաստանի։ Երկու դեպքում էլ զգուշացրեց՝ Նահանգները հաստատակամ է պաշտպանել իր շահերը։

«Թող որևէ մեկը հանկարծ չսխալվի․ ինչպես մենք հստակ ցույց տվեցինք անցած շաբաթ, եթե Չինաստանը սպառնա մեր ինքնիշխանությանը, մենք կհակազդենք՝ մեր երկիրը պաշտպանելու համար, ինչպես որ արեցինք», - նշեց Բայդենը։

Անցած շաբաթ ամերիկյան կողմը հայտարարեց, թե իր տարածքում չինական հետախուզական օդապարիկ է խոցել։ Միջադեպից հետո, ի նշան բողոքի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկեց նախօրոք նախատեսված այցը Պեկին։ Չինաստանը հայտարարում է, թե օդապարիկը Ամերիկայի օդային տարածքը հատել էր ֆորսմաժորի հետևանքով, և որ այն խոցելով՝ Վաշինգտոնը «լուրջ վնաս է հասցրել երկկողմ հարաբերությունները կայունացնելու ջանքերին»։

Բայդենը ետքայլի ակնարկ չարեց, հակառակը, պնդեց, թե շարունակելու է պայքարել՝ Ամերիկան հզորացնելու համար. - «Մենք ներդրումներ ենք անում ամերիկյան նորարարությունների մեջ այն ոլորտներում, որոնք որոշելու են ապագան, և որտեղ Չինաստանի կառավարությունը մտադիր է գերակայություն ունենալ։ Մենք ներդրումներ ենք անելու մեր դաշինքներում և աշխատելու ենք մեր դաշնակիցների հետ՝ մեր առաջատար տեխնոլոգիաները պաշտպանելու համար, որպեսզի դրանք մեր դեմ չօգտագործվեն։ Արդիականացնելու ենք մեր զինված ուժերը՝ կայունություն ապահովելու և ագրեսիաները կանխելու համար»։

«Հնարավորությունների երկիր»

73 րոպե շարունակված ելույթում արտաքին քաղաքականությանը այլ անդրադարձ չեղավ, ԱՄՆ առաջնորդը չխոսեց նաև Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին ավերիչ երկրաշարժի մասին։ Փոխարենը կենտրոնացավ Ամերիկայի ներքին խնդիրների վրա, ընդգծեց, որ իր վարչակազմին հաջողվել է երկու տարում 12 միլիոն նոր աշխատատեղ ստեղծել, ավելին, քան մինչ այս որևէ նախագահ հաջողել էր անել չորս տարվա պաշտոնավարման ընթացքում։

«Եթե որևէ մեկն ինձ առաջարկի բնութագրել Ամերիկան, ես մեկ բառ կընտրեմ՝ հնարավորությունների երկիր», - հայտարարեց Բայդենը՝ տնտեսությունից սահուն անցնելով ներքաղաքական խնդիրներին։

«Մեզ հաճախ են ասում, որ դեմոկրատներն ու հանրապետականները միասին չեն կարող աշխատել, սակայն անցած երկու տարում մենք ապացուցեցինք, որ թերահավատները սխալվում էին։ Այո՛, մենք շատ հարցերում չենք համաձայնել, եղել են ժամանակներ, երբ դեմոկրատները ստիպված են եղել միայնակ գործել, բայց հետո էլի ու էլի մեր ջրերը մեկ առվով են հոսել։ Մենք միասին հավանություն ենք տվել ենթակառուցվածքների, ճանապարհների ու կամուրջների կառուցման՝ մեր ժողովրդին միավորելու համար», - ընդգծեց ԱՄՆ նախագահը։

Որոշ տեղերում՝ կատակելով, որոշ տեղերում՝ զայրույթով խոսելով մարտահրավերների, օրինակ՝ ոստիկանությունը բարեփոխելու կամ՝ զենքի վաճառքը խստացնելու անհրաժեշտության մասին, Բայդենը ելույթն ավարտեց հստակ համոզմամբ՝ Ամերիկան այսօր ամուր է ավելի, քան երկու տարի առաջ, երբ ինքը եկավ Սպիտակ տուն։ «Որովհետև այս ժողովրդի ոգին աննկուն է, կամքն՝ անկոտրում», - պնդեց Միացյալ Նահանգների ղեկավարը։

Ոչ մի ակնարկ՝ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունների մասին

Գերտերության 80-ամյա առաջնորդն իր ուղերձում որևէ ակնարկ չարեց հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունների մասին։ Ծավալուն ելույթից անմիջապես հետո, սակայն, ինչպես նախորդ նախագահների դեպքում, նա ևս շրջագայության մեկնեց երկու առանցքային նահանգներ, որոնք, ըստ վերլուծաբանների, վճռորոշ կլինեն 2024-ի ընտրությունների ժամանակ՝ Վիսկոնսին և Ֆլորիդա։

«Նրա քաղաքական խորհրդատուները նշում են՝ այս այցերը կօգնեն որոշել` արդյոք նա կգնա վերընտրության, թե՝ ոչ», - նշում է Reuters-ը՝ ներկայացնելով Ipsos կենտրոնի հետ անցկացրած վերջին հարցման արդյունքները։

Դրանց համաձայն, անցած կիրակի Բայդենի քաղաքականությանը հավանություն է տվել ամերիկացիների 41 տոկոսը, ինչն ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ընթացքում։

Սպիտակ տանը, սակայն, պնդում են, թե քվեարկությունից մեկ տարի առաջ կատարված հարցումները արժանահավատ չեն, նշում է Reuters-ը։

Ինքը՝ նախագահը Բայդենը, չի բացառել, որ կգնա վերընտրության, պաշտոնական հայտարարություն, սակայն, այս մասին դեռ չի արել։

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին հաղորդում են, թե գործող նախագահն այդ մասին կարող է խոսել արդեն առաջիկա շաբաթների ընթացքում։

XS
SM
MD
LG