Մատչելիության հղումներ

«Մեծ 7»-ը, ԵՄ-ն և Ավստրալիան սահմանեցին ռուսական նավթամթերքի գնի վերին շեմը


Նավթի արդյունահանում, արխիվ, Ռուսաստան:
Նավթի արդյունահանում, արխիվ, Ռուսաստան:

«Մեծ յոթնյակի» երկրները, Եվրամիությունը և Ավստրալիան համաձայնեցրել են ռուսական արտադրության նավթամթերքի գնի վերին շեմն, ինչը թույլ կտա սահմանափակել եկամուտը, որը ռուսներն օգտագործում են Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար:

Այդ գներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 5-ից: Սահմանափակումները չեն գործի այն արտադրանքի վերաբերյալ, որը նավերում բեռնվել է մինչև փետրվարի 5-ը:

Առաջին վերին շեմը՝ 100 դոլար մեկ բարելի համար, սահմանվում է հում նավթի համեմատությամբ հավելավճարով վաճառվող նաթվամթերքի՝ դիզելային վառելիքի և բենզինի համար:

Երկրորդ վերին շեմը՝ 45 դոլար մեկ բարելի համար, սահմանվում է զեղչով վաճառվող այնպիսի նավթամթերքի համար, ինչպիսին մազութն է:

Վերին շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» և Եվրոպական միության երկրներն ու Ավստրալիան տեխնիկական, բրոքերային և ապահովագրական ծառայություններ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե նավթամթերքը ձեռք է բերվում սահմանված կամ դրանից ավելի ցածր գնով:

Համաձայնության եկած պետությունները նպատակ ունեն սահմանափակել Ռուսաստանի եկամուտները, բայց և միաժամանակ փորձում են թույլ չտալ մատակարարումների ընդհատում և շուկաներում գների կտրուկ աճ:

«Սանկցիաները և գների վերին շեմը նախագահ Վլադիմիր Պուտինին կստիպեն ընտրություն անել դաժան պատերազմը ֆինանսավորելու և դժվարություններ ապրող տնտեսությունը սատարելու միջև»,- ասել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:

Այս տարվա հունվարին ռուսական բյուջեն նավթի և գազի վաճառքից ստացել է 425 միլիարդ 500 միլիոն ռուբլի, ինչն ամենացածր ցուցանիշն է 2020 թվականի օգոստոսից ի վեր:

XS
SM
MD
LG