Մատչելիության հղումներ

Հայաստանը սատարում է ազգային տիրույթների ստեղծման նախագծին միանալու Ռուսաստանի առաջարկին․ Փաշինյան


Հայաստանի ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50 տոկոս, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալմաթիում՝ «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին։

Վարչապետը նաև ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է։

Կառավարությունը, Փաշինյանի խեսքով, պետական աջակցություն է ցուցաբերում ՏՏ բիզնեսին՝ շեշտելով՝ անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։

«Մեզ համար կարևոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորման հարցը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը», - ասել է Հայաստանի գործադիրի ղեկավարը։

Շեշտելով, որ Հայաստանը սկսել է ավելի լայն և խորը օգտագործել թվային մեխանիզմներն ինչպես համավարակի, այնպես էլ՝ ապագայում նմանատիպ բնույթի հնարավոր ճգնաժամերի հետևանքների հաղթահարման նպատակով՝ գործադիրի ղեկավարը հայտարարել է՝ Հայաստանը սատարում է Ռուսաստանի կառավարության առաջարկը՝ միանալ ազգային տիրույթների ստեղծման նախագծին և աջակցել բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանը՝ ի շահ ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի տնտեսությունների աճի։

Գործադիրի ղեկավարը վերահաստատել է՝ թվային տնտեսության զարգացումը Հայաստանի համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։

«Ճանապարհորդում եմ առանց Covid-19», «Աշխատանք ԵԱՏՄ-ում»

Փաշինյանը խոսել է «Ճանապարհորդում եմ առանց Covid-19», «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածներից։

«Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածում ներբեռնված 5 միլիոն թեստերը նշանակում են 5 միլիոն ուղևորություն։

«Իսկապես հսկայական թիվ է: Հավելվածը կայացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ, որոնք գործարկել են փորձնական ծրագիրը, որն էլ դարձել է ինը երկիր ներգրավող լիարժեք նախագիծ», - ասել է վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ հավելվածը «լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանությամբ»։

Գործադիրի ղեկավարն առաջարկել է քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները։

Անդրադառնալով «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակին՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ թեև բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022-ին, սակայն այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը։

«Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «օգնական» և «հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից, ծանոթանալ կանոնավորիչ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժանմունքները, կոնտակտային տվյալները և այլն», - ասել է վարչապետը՝ խոսելով նաև այս հավելվածում ներառված workpermit.am ծառայությանը, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։

«Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա», - շեշտել է գործադիրի ղեկավարը՝ շարունակելով․ - «Թվային գործիքն ապահովում է այս գործընթացում ներգրավված հինգ պետական գերատեսչությունների համակարգված փոխգործակցությունը: Թվային ծառայության միջոցով աշխատանքային պայմանագրի հիման վրա կարելի է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների համար ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող անվճար քարտ։ Հարթակը պարբերաբար կհագեցվի պետական և առևտրային այլ ծառայություններով»։

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ է աշխատանքային այցով ժամանել Ալմաթի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG