Մատչելիության հղումներ

Նախագահը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակրին


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, Origami World տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:

Շնորհավորելով ճապոնացի գիտնականին՝ նախագահը մասնավորապես ասել է. - «Ուրախ եմ, որ Հայաստանն այժմ ապրում է տեխնոլոգիական հանգույց դառնալու շրջան։ Ուրախ եմ, քանի որ դա ուղղակիորեն չի ուղղորդվում կառավարության կամ այլ ինստիտուտների կողմից, այլ՝ կան բազմաթիվ էնտուզիաստներ։ Նախագահական ինստիտուտն իր ուժերի առավելագույն չափով աջակցելու է տեխնոլոգիաների զարգացմանը։ Մենք ունենք մեր սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM։ Մենք հրավիրել ենք բազմաթիվ խոշոր ընկերությունների, կարծում եմ՝ այդ ընկերություններն այստեղ կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ճապոնական Mitsubishi Heavy Industries-ի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը։ «Մենք նաև հետաքրքիր հանդիպում ունեցանք վարչապետ Աբեի հետ», - նշել է նախագահ Սարգսյանը։ - «Քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել միասին և առանձնացրինք նոր տեխնոլոգիաները, որտեղ Հայաստանն ու Ճապոնիան կարող են համագործակցել»։

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայերով: Աշխարհահռչակ գիտնականն ասել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա՝ նկատելով, որ Հայաստանում, ինչպես Ճապոնիայում, ծնողները ցանկանում են, որ երեխաները լավ կրթություն ստանան:

Հայաստանի նախագահը և ճապոնացի գիտնականը զրուցել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, գիտակրթական ծրագրերի, ուսանողների փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:

Արմեն Սարգսյանը Տակեո Կանադեին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որի հիմնական քննարկումները ընթանալու են 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG