Մատչելիության հղումներ

Աշխատաշուկան աճում է արագ, նոր կադրեր պատրաստվում են դանդաղ. ՏՏ ոլորտում սա խնդրահարույց է դառնում


Այսօր Հայաստանում մի կողմից գործազրկության ու աղքատության լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից` մասնագետների պակաս՝ որակյալ ճարտարագետներից մինչև զոդող ու խառատ, սեպտեմբերի 1-ի առիթով տարածած իր ուղերձում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող Գեղամ Ջիվանյանի խոսքով՝ որակյալ կադրեր փնտրում են իր ոլորտի հայաստանյան գրեթե բոլոր ընկերությունները, աշխատաշուկան աճում է արագ, նոր կադրեր պատրաստվում են շատ դանդաղ. «Այս տարի ես, ինչ տարին սկսել է, խնդրին անընդհատ բախվել եմ, որովհետև միշտ թիմը մեծացնելու խնդիր ունեի ու տարբեր հարթակներով, տարբեր միջոցներով անընդհատ փորձել եմ աշխատող գտնել: Կոնկրետ գտնում ես մարդուն, ում հետ ուզում ես աշխատել, իրեն առաջարկում ես շատ լավ պայմաններ, որպեսզի մերժել չկարողանա ու իրեն կամպանիայից գողանում, բերում ես, որովհետև այսպես ասած` ազատ աշխատողներ, կամ տվյալ դեպքում ազատն այն մարդն է, ով պատրաստ է իր աշխատանքը փոխել կամ ցանկանում է, շատ դժվար է գտնել: Հիմնականում ձեռքից փախցնելով է լինում»:

«Սայիմջին» ընկերության տեխնիկական տնօրենի խոսքով՝ բուհերը՝ հանրային և մասնավոր, չեն հասցնում պատրաստել բավարար թվով կադրեր, ինչի պատճառով առաջանում են ՏՏ ոլորտի կադրեր պատրաստող փոքրիկ կենտրոններ, որոնք փորձում են մի քանի ամսում ծրագրավորող պատրաստել, սակայն այդպիսի սկսնակ ծրագրավորողներն էլ գիտելիքի մեծ պակաս են ունենում. «Եթե 7 տարի առաջ միայն համալսարաններն էին սկսնակ պատրաստում, իսկ համալսարանների պատրաստած սկսնակը ենթադրում էր նաև որոշակի մաթեմատիկական հիմք, ծրագրավորմանն առնչվող մի քանի գործիքների հետ ծանոթանալ ընդհանուր, նոր կոնկրետ գնալ, աշխատանք փնտրել, հիմա աշխատանք փնտրելը սկսում են ինչ-որ մի լեզու իմանալով: Արդեն քանի որ շատ ավելի պակաս գիտելիքներով են մտնում շուկա, դա նշանակում է, որ իրենք որոշակի մակարդակի հասկանում են շատ ավելի ուշ, քան ասենք 7 տարի առաջ»:

Ակնհայտ է, որ Հայաստանում խզում կա կրթական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև, վստահ է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Բուհերը չեն պատրաստում աշխատաշուկայի պահանջած կադրերը, իրենց հերթին դպրոցներն էլ բուհեր չեն ուղարկում սովորելու պատրաստ և ընկալունակ աշակերտների. «Ձանձրույթ սովորելու նկատմամբ, և նրանք կորցնում են հետաքրքրությունն արտաքին աշխարհի նկատմամբ ու հենց որ դա կորցրին, արդեն մնացած բանավեճերը դառնում են անիմաստ, այսինքն` բուհ-աշխատաշուկա և այլն, այս հարցերը դառնում են անիմաստ, որովհետև երեխան այլևս սովորող չէ: Եթե մարդը սովորելու հանդեպ սեր չունի, դու մի քիչ ավելի կսովորեցնես իրեն, թե մի քիչ պակաս, չի օգնի»:

Սովորելը սիրող երեխաների պատրաստելու համար կառավարությունը պետք է սկսի ջանքեր գործադրել նախադպրոցական հաստատություններից, ապա ճիշտ աշխատի երեխաների հետ դպրոցում, ինչպես նաև պետք է փոխվի ողջ երկրում վերաբերմունքը կրթության հանդեպ, կարծում է փորձագետը՝ ավելացնելով, որ սրա համար ճիշտ քաղաքականություն վարելուց բացի, նաև երկար ժամանակ է պետք. «Երբ դու արդեն երեխային որպես սովորող կորցրել ես դպրոցում, արդեն շատ կարևոր չի` բուհում որ առարկան քանի ժամ կլինի, մասնագիտականը կլինի, թե տեսականը: Դրա համար ես այս խնդրի լուծումը տեսնում եմ հիմքից` նախադպրոցական համակարգից, որովհետև քանի երեխան փոքր է, մենք կարող ենք իրեն համոզել և դարձնել սովորող: Արմատից պետք է գանք` մանկապարտեզ, դպրոց և կրթության նկատմամբ վերաբերմունք»:

Կրթության ոլորտների բարեփոխումների անհրաժեշտության մասին շարունակ խոսում են նաև Հայաստանի իշխանությունները։ Կրթական համակարգում առկա խնդիրները լուծելն ու կրթական բարեփոխումները կառավարության առաջնային անելիքների ցանկում են, այսօր սեպտեմբերի 1-ի իր ուղերձում նշել է Փաշինյանը, սակայն ըստ փորձագետի` չկա լուրջ համախմբում այս բարեփոխումների օրակարգի շուրջ, և սայլը չափազանց դանդաղ է տեղից շարժվում։

«Այսպիսի խնդիրներ լուծելու համար մեզ պետք է մարդկանց համախմբում, այսինքն` պետք է մեծ թվով մարդիկ իրար հետ փորձեն համախմբվել և այս հարցը լուծել: Այդ տեսակի հարցերը հայտարարություններով չեն լինում` եկեք վերացնենք, սա չի համապատասխանում: Պետք է համախմբում, պետք է նույն սեղանի շուրջ նստեն գործատուները և բուհերը և կարողանան համատեղ ինչ-որ մոդելներ մշակել: Դա չկա մեզ մոտ», - նշում է Սերոբ Խաչատրյանը:

Մինչ այդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջացած կադրերի պակասի պատճառով գործատուները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին նոր ընկերությունների համար էլ ավելի բարդ է լինելու Հայաստանում աշխատակիցներ գտնելը, ինչը կարող է հանգեցնել նրան, որ արտասահմանյան մեծ ընկերությունները խուսափեն Հայաստանում մասնաճյուղեր հիմնադրելուց. «Խնդիրը չափից դուրս է լուրջ է, որովհետև եթե ինչ-որ լուծումներ չտանք, իմ կարծիքով` ևս 1-2 տարուց շատ ավելի մեծ խնդիրների կբախվենք, որովհետև եթե ինչ-որ մի պահ կամպանիան կարիք ունի ընդլայնվելու, բայց չի կարողանում համապատասխանաբար ընդլայնումն ապահովել կադրերի միջոցով կամ դանդաղ է ապահովում, նշանակում է, որ ընկերության վիճակը գնալով վատանալու է կամ չի կարողանալու իր առջև դրած խնդիրները հստակ լուծել»:

XS
SM
MD
LG