Մատչելիության հղումներ

Գյումրիում գործող IT ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս եկել, տեղում էլ նախատեսում է տեխնոլոգիական թաղամաս կառուցել


Ամերիկացի Թոդդ Ֆաբաքերը տասը տարի առաջ Նյու Յորքից Գյումրի է եկել, սկզբում չի էլ մտածել, որ Հայաստանում ստեղծած IT ընկերությունը մի օր համաշխարհային շուկա դուրս կգա։ Այժմ Գյումրիում գործող «Դիջիթըլ Փոմըգրանեթը» աշխատում է երաժշտական ինդուստրիայի խոշորագույն ընկերությունների հետ։

Գյումրեցի ծրագրավորողները հատուկ համակարգ են ստեղծել, որով, օրինակ, Sony Music-ը, համաշխարհային աստղերի համար հաշվետվություններ ու վերլուծություններ է կազմում։

«Օգնում ենք իրենց ավելի գեղեցիկ ու վիզուալ ներկայացնել տվյալները իրենց շահառու աստղերին: Դա նշանակում է, որ միավորում ենք դիզայնը, ստեղծագործ միտքը, տեխնոլոգիաներն ու բիզնեսը։ Ժամանակակից աշխարհում հաշվետվությունների ու վերլուծությունների համակարգը պարզապես թվեր չպետք է լինի, դա պետք է լինի գեղեցիկ, բալանսավորված, ճիշտ և վիզուալ առումով գեղեցիկ։ Այսինքն՝ այնպիսի սխեմաներով, գծագրերով, որ մարդիկ կարողանան ավելի ռեալ պատկերացնել, թե ինչ է կատարվում իրենց բիզնեսում։ Այս համակարգն օգնում է իրենց բիզնեսն ավելի լավ կազմակերպել», - ասում է Թոդդ Ֆաբաքերը:

«Դիջիթըլ Փոմըգրանեթի» ծառայություններից օգտվում են երաժշտական աշխարհի խոշորագույն կազմակերպությունները, Գյումրիում բացված ընկերությունը մասնաճյուղեր ունի նաև Միացյալ Նահանգներում և Չինաստանում. «Օրինակ՝ Sony Music փաբլիշինգը, որը զբաղվում է ֆինանսական պարտավորությունների անալիզներով և հաշվարկներով, սպասարկում է համաշխարհային աստղերի: Vevօ Sound-ը, որը զբաղվում է երաժշտական փլեյերների մենեջմենթով, iGroove, որը երաժշտական մարքեթինգ է ապահովում, Taiko Audio, որը շատ թանկարժեք ստերեո փլեյերների համար մոբայլ հավելված է»։

Ֆաբեչերը խոստովանում է, որ Գյումրիում բիզնես հիմնելու գործում մեծ դեր է ունեցել իր հայ կինը։ Այս պահին ընկերությունում 70 ծրագրավորող է աշխատում, ընդլայնվելու մտադրություն ունեն, Գյումրիում նախատեսում են նաև տեխնոլոգիական թաղամաս կառուցել։

Ընկերության գործադիր տնօրեն Գայանե Առաքելյանն ասում է՝ թաղամասը կոչվելու է «Դիստրիկտ», դրա համար պատրաստվում են 20 մլն դոլարի ներդրում անել. «Կառուցելու է ֆիզիկական թաղամասը 21 հեկտար հողատարածքի վրա, դա իրենից ներկայացնելու է մոտ 300 բնակելի տներ, ևս 200 գործող բիզնեսներ և ի վերջո «Դիստրիկտ»-ում աշխատելու և ապրելու են միասին վերցրած 1000-1500 բնակիչներ և բիզնես գործարաններ, թիմակիցներ, ստարտափներ, դա է այն թվերը, որ մենք այս պահին նախագծային փուլում նշում ենք»։

Գյումրիի քաղաքապետարանը «Ուռի գունդ» կոչվող զորամասի տարածքում արդեն հողակտոր է հատկացրել։ Հիմա նախնական նախագիծը նախարարություններում հաստատման փուլում է, քանի որ տարածքը ոչ թե անհատույց է տրամադրվելու, այլ ընկերությունն այն գնելու է։ Շինարարություն նախատեսում են սկսել հաջորդ տարի։

«Շինարարությունը մենք իրականացնելու ենք փուլային տարբերակով, առաջին փուլը, որը ժամանակացույցով երեք տարի պիտի ընթանա, բյուջեն 5 մլն դոլար է, այսինքն՝ մենք իրականացնելու ենք և ըստ հնարավորությունների, ըստ զարգացումների քայլ-քայլ գնալու ենք առաջ», - նշում է նա։

Ծրագրավորող Աննա Ավագյանը Հայաստանի հարավից՝ Սյունիքից նախ Երևան, ապա հյուսիս՝ Գյումրի է տեղափոխվել։ Կատակում է, թե «հարսնացուն հյուսիսից եմ», բայց ոչ թե հարս, «այս ստարթափովս աշխատելու եմ եկել»։

«Երկար տարիներ ապրում էի Երևանում, ու երբ որ արդեն իդեան ծնվեց, ու պետք է հասկանայինք, թե որ ուղղությամբ ենք շարժվում, բախտի բերմամբ հանդիպեցի նաև Թոդդին, առաջնորդության դպրոցի խոսնակներից էր և ներկայացնում էր հենց «Դիստրիկտ»-ը, «Դիստրիկտ»-ի գաղափարն ու ամբողջը, թե ինչ է նախատեսվում հատկապես ստարտափների համար, ինչ օգնություն է տրամադրվելու, ինչ հնարավորություններ ունեն ստարտափները։ Մեկ ամիս անց ես արդեն «Դիստրիկտ»-ի ստարտափներից էի, շատ կարճ տևեց որոշում կայացնելը, Գյումրի գալն ու տեղափոխվելը, որի համար չեմ ափսոսում։ Արդեն մեկ տարի է գրեթե՝ Գյումրիում եմ ապրում հիմնական», - պատմում է նա։

Սովորաբար հակառակն է լինում՝ հատկապես ՏՏ ոլորտի մասնագետները Գյումրիից են Երևան գնում, քանի որ ավելի բարձր են վարձատրում: Աննայի կարծիքով՝ հիմա ցանկացած վայրից էլ աշխատելով կարելի է լավ վարձատրվել, տարածությունը ՏՏ ոլորտի համար հատկապես քովիդից հետո արդեն որևէ նշանակություն չունի. «Մարդիկ ոչ միայն աշխատանքի համար են գնում Գյումրիից, այլ նաև հետաքրքիր, աշխատանքից դուրս կենսակերպ ունենալու համար։ Չեմ կարծում, որ միայն փող աշխատելու համար մարդիկ գնան Գյումրիից»։

«Դիջիթըլ Փոմըգրանեթում» այժմ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված 2 ստարտափ են մշակում։ Ասում են՝ կարող են այնպիսի ջերմոցներ նախագծել, որ դրանք ավանդական ջեռուցման կարիք չունենան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG