Մատչելիության հղումներ

2022-ին ավելի քան 2 անգամ շատ գումար է հավաքագրվել, քան նախորդ տարի. ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը


Շուրջ 360 միլիոն դոլարի վճարումներով Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է Հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ընկերությունից 2022-ին ավելի քան 2 անգամ շատ գումար է հավաքագրվել, քան նախորդ տարի։

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է վճարած ավելի քան 128 միլիոն դոլարի հարկերով։ Հաջորդում են ծխախոտ արտադրող խոշոր ընկերությունները՝ «Գրանդ Տոբակոն» և «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակը»։ Շուրջ 50 միլիոն դրամ վճարած հարկերով առաջին հնգյակում է հայտնվել նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»:

«Ընդհանուր հարկային մուտքերի մոտավորապես 15 տոկոսը վճարել են հանքարդյունաբերական ձեռնարկությունները», - նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Հանքարդյունաբերական ընկերությունների վճարումների զգալի աճը մասնագետները երկու գործոնով են պայմանավորում. համաշխարհային շուկայում պղնձի գների փոփոխությունները, ինչպես նաև այս ոլորտի նկատմամբ խստացած հարկային քաղաքականությունը. բացատրում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը. - «Հարկման բեռը հանքարդյունաբերության ոլորտում շատ ավելի բարձր է, քան նույն IT ոլորտում, եթե համեմատենք»:

Ռուսաստանի նկատմամբ արևմտյան խիստ պատժամիջոցներն ու ռուսաստանցիների մեծ ներհոսքը նույնպես արտացոլվել են հրապարակված ցանկում։ 1000 խոշոր հարկատուների շարքում 6 տասնյակ IT ընկերություն է հայտնվել։ Նախորդ տարի ընկերությունների թիվը 36 էր։ Հայաստան տեղափոխվածների մի զգալի մասը հենց այս ոլորտում են աշխատում:

«Եթե նույնիսկ նայենք 20 խոշոր ՏՏ հարկատուների ցանկը, այնտեղ կան մի շարք ռելոկացված ընկերություններ, բացի այդ մենք ունենք ընկերություններ, որոնց ռուսաստանյան ստորաբաժանումները տեղափոխվել են Հայաստան», - ընդգծեց տնտեսագետը:

IT -ին, ի դեպ, ի տարբերության այլ ճյուղերի քիչ հարկեր է վճարում. պետությունը ոլորտին արտոնություններ է տրամադրում։ Գործունեության առաջին 5 տարիներին ընկերությունները շահութահարկ չեն վճարում, եկամտահարկն էլ պակաս է մյուսների վճարածից։ Այս աջակցությունից օգտվում են նաև Հայաստանում գործող արտասահմանյան ընկերությունները: Տասնյակում շուրջ 45 միլիոն դոլարի վճարած հարկերով բջջային սարքեր վաճառող «Մոբայլ Սենթր» ընկերությունն է հայտնվել. տնտեսագետ Սուրեն Պարսյանը սա նույնպես Ռուսաստանի շուրջ զարգացումներով է պայմանավորում:

«Խոշոր կազմակերպություններ, օրինակ, ինչպիսին է Samsung-ը, iPhone-ը և այլ խոշոր ձեռնարկություններ փակել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, այդ սարքերը բերում են Հայաստան, Հայաստանում մաքսազերծում են, վճարում են հարկը և վերաարտահանում են դեպի Ռուսաստան կամ այլ երկրներ», - նշեց Պարսյանը:

Ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկատուներն անցած տարի շուրջ 1.5 տրիլիոն դրամ՝ գրեթե 4 միլիարդ դոլար հարկային մուտքեր են ապահովել, սա 32 տոկոսով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG