Մատչելիության հղումներ

Ռուսաստանից պատերազմի մեկնարկից ի վեր հեռացել է ՏՏ ոլորտի 170 հազար մասնագետ


Մասնագետը ստուգում է ընկերության անվտանգային համակարգի սերվերների աշխատանքը, արխիվ

Ռուսաստանին անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առնվազն 170 հազար աշխատակից: Այդ մասին այսօր Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովում ասել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Յուրի Զուբովը:

Նրա խոսքով՝ մասնագետների պակասի հիմնական պատճառը դարձել է երկրից նրանց արտագաղթը, որը սկսվել է, երբ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի»՝ շատ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Զուբովը կոչ է արել ձեռնարկել միջոցներ, որոնք գրավիչ կդարձնեն տեղեկատվական ոլորտի օտարերկրացի մասնագետների տեղափոխումը Ռուսաստան, մասնավորապես՝ ազատականացնել արտասահմանցի մասնագետներին Ռուսաստանում կեցության իրավունք տրամադրելու օրենքը: Այն վերջերս ընդունվել է Պետական դումայում և հիմա քննարկվում է Դաշնության խորհրդում:

Ռուսաստանի իշխանությունները մինչ այդ չեն ընդունել ՏՏ ոլորտում մասնագետների զանգվածային հեռանալու խնդրի առկայությունը:

Վարչապետ Միխայիլ Միշուստինը մայիսին նույնիսկ պնդել է, որ «այդօրինակ տեղեկությունները հատուկ են դրվում շրջանառության մեջ», և հավաստիացրել, թե «հեռացած մասնագետների 85 տոկոսն արդեն վերադարձել է»:

Զուբովի խոսքով՝ Ռուսաստանում ՏՏ ոլորտում ներգրավված էր մոտ մեկ միլիոն մարդ: Եթե երկրից հեռացել է նրանցից 170 հազարը, ապա դա կազմում է մասնագետների թվի մոտ 15 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG