Մատչելիության հղումներ

Ճգնաժամը և բլոկադան շարունակվում են․ Ռուբեն Վարդանյան


Ճգնաժամը և բլոկադան շարունակվում են, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով՝ «տարբեր կողմերից եկող զանգերը, թե ճանապարհը բաց է, էդպես չէ»։

Վարդանյանը պարզաբանեց՝ ադրբեջանցիները մնացել են ճանապարհի կողքերում և կարող են ցանկացած պահի կանգնեցնել մենքենաները։ Արցախի պետնախարարը դա անընդունելի համարեց։

«Իրենք պետք է լրիվ դուրս գան և չխանգարեն մենքենաների հանգիստ շարժմանը։ Էդ կողմից դա միակ որոշումն է, որովհետև, եթե մենք ընդունում ենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնած մնան՝ որոշ մեքենաներ թողնեն, որոշ մեքենաներ չթողնեն, դա դառնում է իրենց մոտ հնարավորություն ստեղծելու КПП (հսկիչ անցակետ)», - ասաց Վարդանյանը՝ շեշտելով․ - «Վիճակը շատ անկայուն է և մենք պետք է մինչև վերջ ամեն ինչը հստակեցնենք, այնպես անենք, որ էս իրավիճակում մենք ունենանք հստակ անվտանգության ապահովիչներ»։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Երեկ կեսօրին ճանապարհը մի քանի վայրկյանով բացվել է. Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ անցել է ցուցարարների միջով, 62-ամյա արցախցուն, որ սրտի հրատապ վիրահատության կարիք ուներ, Երևան տեղափոխելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հերքելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակման վերաբերյալ պնդումները՝ նշել էր, թե «հակառակ տարածվող ապատեղեկատվությանը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և հայերին պատկանող շտապօգնության մեքենաներն անխափան կերպով անցնում են Լաչինի ճանապարհով»։

XS
SM
MD
LG