Մատչելիության հղումներ

Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկը մահացել է


Որքան փակ մնա Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, նույնքան էլ փակ կմնա ադրբեջանցիների մուտքը դեպի Քելբաջար (Քարվաճառ) Մարտակերտի շրջանով, փոխանցում են Արցախից:

«Իրենք էր գան էլ, չենք թողնելու, որ գան: Որ մենք ուզենք էլ, չի ստացվի, մեկ է՝ ժողովուրդը չի թողնելու, ինքնաբուխ ա լինում», - «Ազատությանն» ասաց Գետավանի համայնքապետ Արարատ Զաքարյանը:

Ադրբեջանական շարասյուները շաբաթը երեք օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են հայկական Գետավանով, բեռներ տանում դեպի ադրբեջանական դարձած Քելբաջար՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական ոչ մի մեքենա չի անցել հայկական բնակավայրերով, իրենք չեն եկել:

«Ինչքան ժամանակ էնտեղ կանգնեցված է, էդքան ժամանակ էլ իրենք չեն գալիս», - հավելեց Արարատ Զաքարյանը:

Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքը ադրբեջանցի ցուցարարները փակ են պահում արդեն 8 օր։ Այսօր կեսօրին այն մի քանի վայրկյանով բացվել է. Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ անցել է ցուցարարների միջով, 62-ամյա արցախցին սրտի հրատապ վիրահատության կարիք ուներ։ Երևանից մեկնած շտապօգնության մեքենան նրան սպասել է Գորիսում՝ հիվանդին այնտեղից Երևան՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխվելու համար։

«Տրվել է ցուցում, որ պետք է տեղափոխվեր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, և իրականացնեին բաց եղանակով վիրահատություն, այսինքն՝ սրտի վրա վիրահատություն՝ շունտավորման», - «Ազատությանն» ասաց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Արցախի շրջափակումը ճեղքած առաջին արցախցին արդեն բուժկենտրնում է, նրան զննում են բժիշկները։ Շրջափակման հենց առաջին օրից հայտարարվեց՝ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ կան, նրանց նեղ մասնագիտական բուժում է պետք Երևանում: Մհեր Մուսայելյանի տեղեկացմամբ՝ այդ հիվանդներից մեկը մահացել է. «Պետք է գնար այլ ստուգման, ինքը, ցավոք սրտի, գտնվում էր 15 տարուց ավելի հեմոդիալիզի վրա»:

Պաշտոնական Բաքուն ապատեղեկատվություն է համարում Արցախի բլոկադան, շտապօգնությամբ մեկ հիվանդին այսօր տեղափոխելը համարում ապացույց, որ ճանապարհը ադրբեջանցի ցուցարարները չեն փակել, հարցն այն է՝ թե ինչո՞ւ են արցախցի մեկ հիվանդի տեղափոխությանն ուղեկցում ռուս խաղաղապահների մեկ և Կարմիր խաչի մի քանի մեքենաներ:

«Այսօր մենք մեր չեզոք միջնորդի դերում օգնել ենք, որպեսզի մեկ հիվանդ տեղափոխվի Հայաստան։ Ինչ այս իրավիճակը ստեղծվել է, մենք ամեն օր տարբեր մարդասիրական հարցերի շուրջ քննարկումներ էինք վարում ու կարող ենք արձանագրել, որ այսօր այդ մեկ հիվանդը տեղափոխվել է ու կարող ենք ասել, որ մենք պատրաստակամ ենք մնում աջակցելու նման խնդիրներին», - ասաց Արցախում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը։

Նա այլ տեղեկություն չի հրապարակում՝ արդյոք այժմ ադրբեջանական կողմի հետ բանակցում են, որպեսզի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող այլ հիվանդներ նույնպես տեղափոխվեն Երևան։

Արցախի բոլոր բուժհաստատություններում այժմ պլանային վիրահատությունները դադարեցվել են։ Հանրապետական հիվանդանոցում 11 հոգի վերակենդանացման բաժանմունքում է։ «Արևիկ» մանկական բուժմիավորումում 12 երեխա է վերակենդանացման բաժնում, նրանցից 4 ամսական փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է, վիսցերա լեշմանիոզ է ախտորոշվել։

«Բուժումը սովորաբար կազմակերպվում էր Երևանում՝ իր ախտորոշման սպեցիֆիկությունից ելնելով, ներկա պահին, բնականաբար, մենք այդ հնարավորությունից զրկված ենք», - ասաց «Արևիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։

Նրա խոսքով՝ փոքրիկ տղան բուժման առաջին դեղաչափը ստացել է, արցախցի բժիշկները հայաստանյան մասնագետների հետ հեռակա են խորհրդակցում։

Արցախում սննդի, դեղորայքի պաշարները սպառվում են առանց համալրման

Մինչև ադրբեջանական շրջափակումը Հայաստաննն Արցախից ամեն օր մի քանի հարյուր տոննա բեռ էր ստանում՝ սնունդ, դեղորայք, հիգիենիկ պարագաներ: Այժմ պաշարներն սպառվում են առանց համալրման:

«Դեղերն է շատ դժվար գտնելը, գնում ես, ահագին հերթեր են, և չես կարողանում ուզածդ դեղն առնել, որովհետև ասում են՝ վերջացել է»:

Շաքարավազ, ձեթ ալյուր, մի քանի օր է՝ խանութներում սահմանափակ քանակությամբ են վաճառում, բանջարեղենի տեսականին դանդաղ անհետանում է արցախյան վաճառակետերից:

«Խանութում ամեն ինչ էլ պակաս է, մենակ խնձոր է, մեկ էլ հայաթինս է, կառալյոկը», - ասում են տեղացիները:

Մարդիկ դժգոհում են նաև թանկացումներից. «Գների փոփոխությունը շատ ա, կարտոֆիլը 400-500 դրամ է, որ 300-350 դրամ է եղել»:

Արցախի հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից քաղաքացիներին հորդորում են իրենց ձևակերպմամբ՝ «անբարեխիղճ ու անամոթ» վարքով տնտեսվարողների մասին ահազանգել թեժ գծին: Իրենք անհիմն թանկացման մի դեպք են գտել դեղատանը, այստեղ արագ վերադարձել են հին գներին:

Շուրջ 180 ժամ է՝ 1100 արցախցիներ չեն կարողանում տուն վերադառնալ, նրանք գիշերում են ավտոճանապարհներին, հյուրատներում ու օտար տներում։ Տուն՝ ծնողների մոտ վերադառնալ չի կարողանում 300 արցախցի երեխա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG