Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ճանապարհը բացելու նախապայմաններ է դնում. Արտակ Բեգլարյան


Ադրբեջանը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու նախապայմաններ է դնում, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտարարել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Շաբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե բանակցությունների ընթացքում ռուսական խաղաղապահների հրամանատարությունը սպասում է, թե ինչ կպատասխանեն հայկական ու ադրբեջանական կողմերը իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկներին։ Թե ովքեր են ներկայացրել առաջարկները, և ինչ են դրանք ենթադրում, կողմերից ոչ մեկը չի բացահայտում:

Երևանում գտնվող Արցախի պետնախարարի խորհրդականը հաստատեց, որ բանակցություններ ընթանում են. «Ռուսական կողմն այդ ուղղությամն աշխատում է, միջնորդություն կա, որոշակի բանակցային գործընթաց կա», - ասաց նա:

Բեգլարյանի խոսքով՝ Արցախի բոլոր երկխոսությունները, ուղիղ շփումներն Ադրբեջանի հետ տեղի են ունենում ռուսական միջնորդությամբ։ Թե որ պաշտոնյաներն են ներգրավված, չցանկացավ անուններ տալ: Արցախի անվտանգության խորհուրդն ավելի վաղ՝ մինչև Լաչինի միջանցքի փակումը, տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մասնակցել է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը՝ որպես խաղապահների հետ համագործակցության հարցերը համակարգող։

Ադրբեջանցիները այդ օրը հայտարարեցին, թե կհետաքննեն Արցախում «բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»։ Մի քանի օր անց արդեն՝ դեկտեմբերի 12-ին, Լաչինի միջանցքը փակեցին բնապահպան ներկայացող ադրբեջանցիները:

Որո՞նք են Ադրբեջանի նախապայմանները. արցախցի պաշտոնյան հաստատեց՝ ճանապարհի բացման համար դրանցից մեկը մուտք գործելն է Կաշենի հանքավայր։ Բայց թե ինչ է պատասխանել Ստեփանակերտը, չասաց։ Ավելի վաղ Արցախից ասել էին՝ համաձայն են միայն միջազգային փորձագետների մոնիտորինգին։ Ըստ պետնախարարի խորհրդականի՝ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Արցախի ժողովրդի հայրենազրկումը, ցեղասպանությունն է։

«Տեղյակ եմ, որ այո, բանակցություններում նաև նմանատիպ հարցեր են քննարկվել, այսինքն՝ նախապայման է եղել ադրբեջանական կողմից: Թե ինչ ձևով, ինչ հաճախականությամբ՝ մեկանգամյա, թե ոչ, թե մոնիտորինգ ինչպես պետք է լինի և այլն, սրանք բոլորը մանրամասներ են, որոնք ես չեմ կարող մեկնաբանել, բայց անձամբ իմ կարծիքն է, որ Արցախը որևէ կարմիր գծի զիջման հաշվին չպետք է համաձայնության գա», - ընդգծեց Բեգլարյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ եռակողմ հայտարարության կողմ Հայաստանը չի մասնակցում խաղաղապահների վարած բանակցություններին։ Արդյոք իրավիճակը փոխվել է՝ չհաջողվեց պարզել։

Հայաստանի վարչապետը, որ անցած շաբաթ միջազգային ճնշմանը զարկ տալու կոչով էր հանդես եկել, այսօր նախ իրավիճակը նկարագրող թվիթերյան գրառում արեց, ապա Անվտանգության խորհրդի նիստ։ Որ Լաչինի միջանցքի փակման հարցը քննարկման առարկա է դարձել, ոչ մի ուղիղ հայտարարություն։ Կառավարութան լրատվականը մեջբերել է վարչապետի խոսքը, թե օրակարգային է եղել «տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը»: Փոխարենը տարածվել է կադրային նոր նշանակումների մասին Նիկոլ Փաշինյանի խոսքը։

Բրյուսելի, Վաշինգտոնի, Փարիզի, Աթենքի ու Օտտավայի Բաքվին ուղղված՝ Լաչինի միջանցքը բացելու ուղիղ կոչերը մինչև այս պահը արդյունք չեն տվել։ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ իր մտահոոգություններն է բարձրաձայնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հաղորդում է Vaticannews-ը։

«Ինձ անհանգստացնում են մարդկանց հումանիտար անկայուն պայմանները, որոնք ձմեռվա ընթացքում հետագա վատթարացման վտանգի տակ են»։

Կիրակի կաթոլիկ եկեղեցու հովվապետը կողմերին կոչ է արել խաղաղ լուծում գտնել՝ հանուն մարդկանց բարօրության։

XS
SM
MD
LG