Մատչելիության հղումներ

Ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը


Այս շաբաթվանից Արցախում վերսկսվում են դասերը:

Ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ կրկին ընդգծելով, որ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Այս շաբաթվանից Արցախում վերսկսվում են դասերը, իսկ փակ ճանապարհի պատճառով Հայաստանում մնացած շուրջ 300 արցախցի երեխաների կրթությունը ժամանակավորապես կազմակերպվելու է Սյունիքում:

«8 օր Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին ճանապարհներին են մնացել, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից», - Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում առավոտյան մասնավորապես ասաց. - «168 ժամ է արդեն՝ մենք բլոկադայի մեջ ենք: Կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ, որ մենք պետք է առաջ գնանք էն ձևով, որ մեր արժանապատվությունը պահպանենք»:

Երեկ Մարտունի այցի ժամանակ պետնախարարը հայտարարել էր. - «Նրանք չհասկացան, որ այս շրջափակումը մեզ համախմբում է, և մենք ավելի ուժեղ ենք դառնում։ Իրենք հիմա են միայն հասկանում, որ մեզ ուժ տվեցին։ Այս շրջափակման շնորհիվ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է, որ կողք կողքի լինենք։ Կան ծրագրված քայլեր, գործը արվում է, ընդ որում՝ և՛ երևացող, և՛ չերևացող»:

Վարդանյանը նշել էր, որ շրջափակումով պայմանավորված խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն կազմակերպվածությամբ և կարգապահությամբ:

Լաչինի միջանցքը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Դեկտեմբերի 13-ից 16-ն էլ Արցախում գազամատակարարումն էր դադարեցված: Արցախի պետնախարարը ավելի վաղ հույս էր հայտնել, որ գազամատակարարման վերականգնումից հետո կարող է նաև Լաչինի միջանցքը բացվել:

XS
SM
MD
LG