Մատչելիության հղումներ

Խաղաղապահ զորակազմը հայտնում է բանակցությունների շարունակման մասին


Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու վերաբերյալ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար «շարունակական փոխգործակցություն է պահպանվում» Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, նշված է առաքելության ամենօրյա զեկուցագրում: Ավելի վաղ զինված ուժերի միջև փոխգործակցության կամ բանակցությունների մասին չի հաղորդվել:

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ըստ հաղորդագրության, հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:

Շաբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե բանակցությունների ընթացքում ռուսական խաղաղապահների հրամանատարությունը սպասում է, թե ինչ կպատասխանեն հայկական ու ադրբեջանական կողմերը իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկներին։ Թե ովքեր են ներկայացրել առաջարկները, և ինչ են դրանք ենթադրում, կողմերից ոչ մեկը չի բացահայտում: Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այսօր «Ազատությանն» ասել է, որ ճանապարհը բացելու համար Ադրբեջանը նախապայմաններ է դնում:

Դեկտեմբերի 12-ից սկսած՝ արդեն ութ օր փակ է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ըստ Ստեփանակերտի տվյալների՝ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

XS
SM
MD
LG