Մատչելիության հղումներ

Խորվաթիան և Բրազիլիան հաղթեցին և կհանդիպեն քառորդ եզրափակիչում


Բրազիլացիները հաղթանակը նվիրեցին Ֆուտբոլի Արքային, «Ռաս Աբու Աբուդ» մարզադաշտ, Դոհա, 5-ը դեկտեմբերի, 2022թ.
Բրազիլացիները հաղթանակը նվիրեցին Ֆուտբոլի Արքային, «Ռաս Աբու Աբուդ» մարզադաշտ, Դոհա, 5-ը դեկտեմբերի, 2022թ.

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում դեկտեմբերի 5-ին Ալ Վաքրա ավանի «Ալ Ջանուբ» մարզադաշտում տեղի ունեցավ Ճապոնիա-Խորվաթիա հանդիպումը:

Հաշիվը 43-րդ րոպեին բացեց ճապոնացի Դայցեն Դաեդան: Երևի շատերն այդ պահին ակամա մտածեցին, որ հնարավոր է նոր սենսացիա՝ աշխարհի արծաթե մեդալակիր Խորվաթիայի պարտությունը:

Բայց 55-րդ րոպեին Իվան Պերիշիչը վերականգնեց հավասարությունը: Լրացուցիչ կես ժամում հաշիվը չփոխվեց՝ 1-1: Առաջին անգամ Քաթարում հերթը հասավ հետխաղային 11-մետրանոց հարվածներին:

Հայտնի է, որ 11-մետրանոցները վիճակախաղ է, ոչ մի թիմ չի համարձակվի պնդել, թե անպայման կհաղթի:

Ուրեմն էլի, առնվազն՝ տեսականորեն, հնարավոր էր Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկած խորվաթական հրաշալի թիմի պարտությունը:

Բայց շատ արագ պարզվեց, որ կարգապահ, կազմակերպված և անձնուրաց խաղով աչքի ընկնող ճապոնացիները հոգեբանորեն ընդհանրապես պատրաստ չեն 11-մետրանոցներին:

2018-ին Մոսկվայում Խորվաթիայի դարպասապահ Դանիել Սուբաշիչը 1/8 եզրափակիչում Դանիայի հետ խաղում ետ մղեց երեք 11-մետրանոց:

2022-ին Քաթարում նույնը կրկնեց Զագրեբի «Դինամո»-ի կազմում հանդես եկող Խորվաթիայի ընտրանու դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը:

Մինամինոն վրիպեց, Վլաշիչը խփեց՝ 0-1, Միտոման վրիպեց, Բրոժովիչը խփեց՝ 0-2, հետո Ասանոն խփեց՝ 1-2, Լիվայան վրիպեց՝ 1-2, բայց վրիպեց նաև Յոշիդան, և Պաշալիչի անվրեպ 11-մետրանոցով խաղն ավարտվեց խորվաթների հաղթանակով:

Խորվաթիան անցավ քառորդ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 12-ին կմրցի Բրազիլիայի ընտրանու հետ:

Բրազիլիան 1/8 եզրափակիչում հանդիպեց Հարավային Կորեայի հետ: Աշխարհի հնգակի չեմպիոնների առավելությունն ակնհայտ էր:

Վինիշիուս Ջունիորը 7-րդ, Նեյմարը 11-մետրանոցից 13-րդ, Ռիչարլիսոնը 29-րդ և Լուկաս Պակուետան 36-րդ րոպեներին գրավեցին մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսից հետո՝ 4-0 հօգուտ բրազիլացիների, ամեն ինչ արդեն որոշվել էր:

Երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին հարավկորեացի Պակ Սուն-հոն հեռահար հոյակապ հարվածով հաշիվը դարձրեց 1-4:

Բրազիլացիներն իրենց խոշոր հաշվով հաղթանակը նվիրեցին վատառողջ Պելեին՝ խաղից հետո դաշտում պարզելով Ֆուտբոլի Արքայի նկարով պաստառը:

Դեկտեմբերի 6-ին 1/8 եզրափակիչում տեղի կունենան Մարոկկո-Իսպանիա և Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումները:

XS
SM
MD
LG