Մատչելիության հղումներ

Անգլիան հաղթեց Սենեգալին և քառորդ եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի հետ


Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը գրավում է Սենեգալի թիմի դարպասը, «Ալ Բայթ» մարզադաշտ, Ալ Խոր, 4-ը դեկտեմբերի, 2022թ.

Կիրակի օրը Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում ֆուտբոլի հիմնադիր երկրի՝ Անգլիայի հավակականն Ալ Խոր ավանի «Ալ Բայթ» մարզադաշտում ուժերը չափեց Սենեգալի ընտրանու հետ:

Սենեգալցիները հազվադեպ էին գրոհում, Լիվերպուլի «Էվերտոն»-ի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը թերևս ընդամենը մեկ վտանգավոր հարված ետ մղեց:

Սենեգալցիները հաճախ էին տակտիկական սխալներ գործում դաշտի կենտրոնում, ինչն անգլիացիներին ընձեռում էր գնդակը խլելու և հետաքրքիր գրոհներ նախաձեռնելու հնարավորություն:

Բավական հավասար և ոչ այնքան դիտարժան կես ժամից հետո խաղը սրվեց, և վերջապես Ջորդան Հենդերսոնը «Լիվերպուլ»-ից 38-րդ րոպեին գրավեց անգլիական Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Չելսի»-ի կազմում հանդես եկող սենեգալցի Էդուարդ Մենդիի պաշտպանած դարպասը:

Առաջին խաղակեսի ավարտին՝ 45+3 րոպեին, հաջողության հասավ անգլիացիների ավագ, Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը: Դա նրա առաջին գոլն է Քաթարում:

Ապա երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին երրորդ գոլը խփեց 21-ամյա երիտասարդ Բուկայո Սական Լոնդոնի «Արսենալ»-ից:

3-0 հաշվով հաղթանակից հետո անգլիացիները դեկտեմբերի 10-ին քառորդ եզրափակիչում կխաղան լեհերին դեկտեմբերի 4-ին 3-1 հաշվով հաղթած ֆրանսիացիների հետ:

«Շատ բարդ խաղ կլինի, նրանք [ֆրանսիացիները] աշխարհի գործող չեմպիոնն են, բայց մենք ամեն ինչ կանենք, որ պատրաստ լինենք», - ասել է Քեյնը:

Դեկտեմբերի 5-ին1/8 եզրափակիչում տեղի կունենան Ճապոնիա-Խորվաթիա և Բրազիլիա-Հարավային Կորեա հանդիպումները:

XS
SM
MD
LG