Մատչելիության հղումներ

Ֆրանսիան անցավ մեկ քառորդ, մրցակիցը կլինի Անգլիա-Սենեգալ հանդիպման հաղթողը


Օլիվիե Ժիրուն տոնում է լեհերի դարպասը խփած գոլը, «Ալ Թումամա» մարզադաշտ, Ալ Թումամա, 4 դեկտեմբերի, 2022թ.

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ ութերորդ փուլում այսօր տեղի ունեցավ Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականների հանդիպումը:

Առաջին խաղակեսի ավարտին՝ 44-րդ րոպեին, հաշիվը բացեց Օլիվիե Ժիրուն: Դա 36-ամյա վետերանի 52-րդ գոլն էր հավաքականի կազմում:

Այդպիսով, Ժիրուն գերազանցեց աշխարհահռչակ Թիերի Անրիին և դարձավ այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

Դե իսկ երկրորդ խաղակեսի 74 և 90+1 րոպեների նոր սերնդի գերաստղ Կիլիան Մբապեն երկու չքնաղ հեռահար հարվածներով հաշիվը դարձրեց 3-0:

Այդուհանդերձ, 90+9 րոպեին ֆրանսիացիները տուգանային հրապարակում ձեռքով խաղացին, և Ռոբերտ Լևանդովսկին ստացավ 11-մետրանոցի իրավունք:

Նրա առաջին հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասապահ Ուգո Յորիսի ձեռքերում, բայց մրցավար Խեսուս Վալենսուելան Վենեսուելայից արձանագրեց, որ Յորիսը հարվածից առաջ շարժվել և կես քայլ առաջ է գնացել դարպասային գծից և ստիպեց կրկնել հարվածը:

Այս անգամ Լևանդովսկին չվրիպեց, այդպես խաղն ավարտվեց 3-1 հօգուտ ֆրանսիացիների:

Դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի ընտրանին մեկ քառորդում կխաղա դեկտեմբերի 4-ին կայանալիք Անգլիա-Սենեգալ հանդիպման հաղթողի հետ:

XS
SM
MD
LG