Մատչելիության հղումներ

Քաթար-22. Նիդերլանդները և Արգենտինան անցան մեկ քառորդ և կխաղան իրար հետ


Արգենտինայի ընտրանու ավագ և լիդեր Լիոնել Մեսսին, «Ահմադ Ալի Բին» մարզադաշտ, Ալ Ռայան, 3 դեկտեմբերի, 2022թ.
Արգենտինայի ընտրանու ավագ և լիդեր Լիոնել Մեսսին, «Ահմադ Ալի Բին» մարզադաշտ, Ալ Ռայան, 3 դեկտեմբերի, 2022թ.

Դեկտեմբերի 3-ին Քաթարում տեղի ունեցան ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ ութերորդի առաջին երկու հանդիպումները:

Նիդերլանդները հաղթեց ԱՄՆ-ին, գոլերը խփեցին 10-րդ րոպեին հոլանդացի Մեմֆիս Դեպայը, 45+1 րոպեին Դեյլի Բլինդը, 76-րդ րոպեին Հաջի Ռայթը կրճատեց հաշիվը, բայց 81-րդ րոպեին Դենզել Դյումֆրիզը այն դարձրեց 3-1:

Ապա սկսվեց Արգենտինա-Ավստրալիա հանդիպումը՝ 1000-րդը Լիոնել Մեսսիի պրոֆեսիոնալ կարիերայում:

Թվում էր, թե 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից Մեսսիի առաջնորդած թիմն առանց բարդությունների մեծ առավելությամբ կհաղթի, բայց «սոքերուզները»՝ այդպես են ավստրալացի ֆուտբոլիստներին անվանում երկրպագուները, արժանի դիմադրություն ցույց տվեցին:

Լիոնել Մեսսին 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփեց առաջին գոլը: Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը հաշիվը դարձրեց 2-0:

77-րդ րոպեին գրանցվեց արգենտինացի Էնցո Ֆերնանդեսի ինքնագոլը: Դրանից հետո արգենտինացիները կարող էին ևս 2-3 գոլ խփել, բայց չստացվեց: Ավստրալացիներն էլ կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն նոր գոլ չեղավ, հանդիպումն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով՝ 2-1:

Այսպիսով, Նիդերլանդները և Արգենտինան դուրս եկան մեկ քառորդ և այդ փուլում իրար հետ էլ կխաղան: Դա տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

Իսկ դեկտեմբերի 4-ին մեկ ութերորդում տեղի կունենան Ֆրանսիա Լեհաստան և Անգլիա-Սենեգալ հանդիպումները:

XS
SM
MD
LG