Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ցանկանում է Սյունիքի նկատմամբ վերահսկողություն հաստատել․ Արմեն Խաչատրյան


Սյունիքի մազրի գյուղերից մեկը, արխիվ
Սյունիքի մազրի գյուղերից մեկը, արխիվ

Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով ցանկանում է Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատել, անցած շաբաթ Սանկտ Պետերբուգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ զգուշացնելով նաև Նախիջևանում թուրքական կազմավորումների հաշվին ադրբեջանական զինուժի ավելացման մասին։

«Ադրբեջանը բացահայտ հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին և պատրաստ է շարունակել ակտիվ ռազմական գործողությունները երկրի հարավային հատվածի՝ Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա կապ հաստատել Նախիջևանի ինքնավար մարզի, իսկ այնտեղով՝ Թուրքիայի հետ, և այդպիսով լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի մեկուսացված տարածքի նկատմամբ։ Մենք չենք բացառում ադրբեջանական զինուժի մարտական ներուժի ավելացումը թուրքական կազմավորումների հաշվին, որոնք արդեն իսկ ունեն սեփական զորամիավորումը երկրի տարածքում՝ Նախիջևանի ինքնավար մարզում՝ ընդհանուր թվով ավելի քան հազար մարդ», - ասել է Խաչատրյանը։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը սուր քննադատության է ենթարկել ՀԱՊԿ-ի լռությունն ու անգործությունը՝ մի շարք հարցադրումներ անելով, թե ինչո՞ւ դաշինքը որևէ քայլ չի ձեռնարկում ռազմական, անգամ մարդասիրական օգնություն չի տրամադրում Հայաստանին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ պետության սուվերեն տարածք և անցած մեկ տարում` 2021-ից 2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի մոտ 127 քառակուսի կմ սահմանամերձ տարածք։

«Ինչո՞ւ է որոշում կայացվում՝ բացառել Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Ինչու՞ չկա որևէ արձագանք դաշնակից պետության տարածքի նկատմամբ ագրեսիային և օկուպացմանը, գոնե՝ հայտարարությունների մակարդակով։ Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքը կոչվում «վիճելի տարածք»։ Ինչո՞ւ չկա որոշում ՀԱՊԿ-ի կողմից գոնե մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ», - ասել է Խաչատրյանը՝ շեշտելով՝ հայ հասարակության մեջ շատ «ինչու»-ներ են կուտակվել, և հենց ՀԱՊԿ-ի լուռ անգործությունն ու պասիվությունը, ինչպես նաև որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները, որոնք փաստացի աջակցում են Ադրբեջանին, պատճառ են դարձել, որ այսօր հայ հասարակության զգալի մասը պահանջի դուրս գալ կազմակերպությունից՝ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելով Երևանի կենտրոնում։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը հիշեցնում է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա դաշինքը դա կհամարի ագրեսիա անդամ բոլոր պետությունների դեմ: Իսկ այդ դեպքում մասնակից պետությունները պետք է ներառյալ ռազմական օգնություն ցուցաբերեն»։ Այս կետը կյանքի կոչելու համար, Խաչատրյանի փոխանցմամբ, անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ-ը հանդես գա դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչելով ագրեսոր։

Երևանը կարևորում է ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականն Ադրբեջանի ագրեսիային

Պաշտոնական Երևանը չափազանց կարևոր է համարում, որպեսզի ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրները հստակ հայտարարեն՝ արդյո՞ք ընդունում են, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա է իրականացրել՝ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք, այսօր «Ազատությանը» փոխանցել են Արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, եթե այո, ապա կա՞ն կոնկրետ ժամկետներ։

«Այս համատեքստում չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան Հայաստանի դաշնակից պետությունները։ Նախևառաջ պետք է հստակ հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որը կա, այն է՝ ագրեսիա Հայաստանի դեմ և ներխուժում Հայաստանի սուվերեն տարածք»,- ասված է ԱԳՆ պատասխանում։

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդներ են տեղակայվելու, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե արդեն մեկ ամիս է առաջարկություններ ունեն Հայաստան-Ադրբեջան սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասով, և միակ բանը, որ պահանջվում է, ՀԱՊԿ խորհրդի որոշումն է, որի կայացման համար նիստ պետք է հրավիրի կառույցը նախագահող Հայաստանը։

Լավրովը շեշտել էր, թե երբ Հայաստանը ժամանակ ունենա, իրենք պատրաստ են հաստատել առաքելությունը։

«Ազատությունը» Հայաստանի արտգործնախարարությանը հարցրել էր, արդյո՞ք Հայաստանը տեղյակ է եղել Լավրովի մատնանշած առաջարկների մասին, և եթե այո, ապա ինչո՞ւ դրանց ընթացք չի տրվել։

Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ սեպտեմբերին Հայաստան այցելած ՀԱՊԿ փաստահավաք առաքելության պաշտոնյաների զեկույցի հիման վրա այժմ որոշման նախագիծ է շրջանառվում, իսկ նիստ անցկացնելու հստակ որոշում այս պահին չկա, կան բանավոր քննարկումներ։

Եթե ռազմաքաղաքական դաշինքը շարունակի անգործություն և լռություն պահպանել ու գնահատական չտա Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու Ադրբեջանի քայլին, արդյո՞ք պաշտոնական Երևանը կոնկրետ քայլեր կձեռնարկի դաշինքից դուրս գալու համար։ Իշխող «քաղաքացիական պայմանագրի» անդամ Վիգեն Խաչատրյանն ասում է, թե այս պահին միանշանակ պնդում անել հնարավոր չէ։ Որոշակի նրբություններ կան, օրինակ, ՀԱՊԿ անդամությունը թույլ է տալիս ավելի մատչելի գնով զենք գնել։ Պետք է տեսնել արդյոք այդ առումով հեռանկարներ կան, թե՝ ոչ։

«Այն, ինչ որ մենք դիտարկում ենք, եթե շարունակվի, ապա դրա ավարտն, իհարկե, կտրուկ քայլն է, որն այս պարագայում այնքան էլ ցանկալի չէ», - նշեց Խաչատրյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG