Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան. Լավրով


ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը Աստանայում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Կառույցի անգործության մասին Երևանից հնչող քննադատություններին ֆոնին՝ Լավրովը պնդել է՝ դրա համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, որտեղ այժմ Հայաստանն է նախագահում։

«Հենց որ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ գումարել, այն կայացավ, ընդունվեց որոշում Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ու Միացյալ շտաբի ղեկավարին։ Նրանք գնացին, բերեցին առաջարկություններ, այդ առաջարկություններն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ մեր ձեռքում են։ Դրանք առաջարկում են ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Միակ բանը, որ պահանջվում է` Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահողը», - ասել է նա, շարունակելով. «Հիմա (նախագահողը) Հայաստանի Հանրապետությունն է, այնպես որ, հենց որ ազատ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք հաստատել նման առաքելությունը` պաշտոնապես,և այն կկարողանա սկսել աշխատանքը»:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է` Հայաստանը որպես համանախագահող փորձել է պայմանավորվել Խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցով, սակայն դա դեռ չի հաջողվել` դաշնակիցների «,խիստ ծանրաբեռնվածության պատճառով»: «Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է նման առցանց նիստ անցկացնել»,֊վստահեցրել է Լավրովը։

Միրզոյան-Լավրով այս հանդիպումն առաջինն էր հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությունից ու Ռուսաստանի հասցեին Երևանից ամենաբարձր մակարդակով հնչող քննադատություններից հետո։

Դրա մեկնարկին Սերգեյ Լավրովն ասել է՝ ցանկանում են քննարկել, թե ինչպես են ընթանում գործերը Ադրբեջանի հետ, ընդգծելով, որ Մոսկվայի համար առաջնային են մնում Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները:

«Ես գիտեմ, որ վերջերս Եվրոպայում շփումներ են եղել, լրատվամիջոցները լի են տարբեր ասեկոսեներով և ենթադրություններով: Իհարկե, կարևոր կլիներ այսօր դիտարկել, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք եռակողմ հայտարարությունները ավելի արագ կյանքի կոչվեն»։

Լավրովն ասել է նաև, ռուսական կողմի միջնորդությամբ հայ-ադրեբջանական հարաբերություններում առաջընթաց կա, այդ թվում` տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում, կան սահմանազատման «լավ ուրվագծեր»։ Թե ինչ են դրանք ենթադրում, Ռուսաստանի արտգործնախարարը չի հստակեցրել։

Երևանը հստակ քայլեր է ակնկալում Ռուսաստանից. Միրզոյան

Արարատ Միրզոյանը պնդել է՝ Երևանը հավատարիմ է Կրեմլում ձեռք բերված համաձայնություններին, միաժամանակ` հստակ քայլեր է ակնկալում ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։

«Բարձր ենք գնահատում նախագահ Պուտինի և Ռուսաստանի ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում: Դրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է։ Խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այնտեղ խնդիրները չեն լուծվել, այլև՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և այստեղ ակնկալում ենք Ռուսաստանի հստակ դիրքորոշումը», - ընդգծել է նա։

Շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանը, առանց անուններ տալու, ՄԱԿ֊ի ամբիոնից քննադատել էր Հայաստանի դաշնակիցներին`ադրբեջանական ագրեսիային ոչ պատշաճ արձագանքելու համար: Այսօր արտգործնախարար Միրզոյանը կրկնել է նույն կշտամբանքը, արդեն Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«Այս հարցը քննադատվել է ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդում: Որոշ, կարելի է ասել չեզոք, ոչ այնքան բարեկամական երկրներ, որոնց հետ չունենք բարեկամության այսքան մեծ պատմություն,դաշնակցություն, ելույթներ հնչեցրին, որոնք առավել օբյեկտիվ էին և առավել հստակ էին արտացոլում հայ֊ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»:

Միրզոյանը ընդգծել է` իրադարձությունները շատ արագ են զարգանում, այժմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով միայն ռուսական կողմը չի զբաղվում. «Մեզ համար կարևոր է միջազգային աջակցությունը», ֊ ասել է Միրզոյանը, հավելելով` Երևանն ուզում է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը այս և այլ հարցերի վերաբերյալ։

«Շատ կողմեր կան, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները, մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցերի շուրջ, մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի աջակցությունն ու առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում` եռակողմ պայմանավորվածությունների ոգով։ Մենք պատրաստ ենք դրան», - հայտարարել է նա։

Ի դեպ, արտգործնախարարների այս հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, թե Մոսկվան մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հերթական եռակողմ գագաթնաժողովն անցկացնել։

«Առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները», - հայտարարել է օգնական Յուրի Ուշակովը, հավելելով, որ այդ առաջարկը Վլադիմիր Պուտինը մտադիր է Ադրբեջանի նախագահին փոխանցել վաղը Ղազախստանում կայանալիք հանդիպման ժամանակ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG