Մատչելիության հղումներ

Իրանը կրկին նախազգուշացումներ է տալիս Ադրբեջանին


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ադրբեջանի առաջնորդի հետ հանդիպմանն ընդգծել է, որ չի հանդուրժի պատմական սահմանների, տարածաշրջանային քաղաքականության և հայ֊իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն: Այդ մասին Թվիթերում գրել է Իրանի նախագահական աշխատակազմի քաղաքական հարցերով պատասխանատու Մոհամադ Ջամշիդին` Աստանայում հինգշաբթի օրը կայացած Ալիև֊Ռաիսի հանդիպումից հետո:

Միաժամանակ, Ռաիսին ընդգծել է, որ իրանական կողմի համար անընդունելի է տարածաշրջանում «եվրոպական զինվորական ներկայություն` ցանկացած պատրվակով»:

«Արևմուտքը չի կարող շեղել մեզ», - գրել է Իրանի նախագահականի բարձրաստիճան պաշտոնյան:

Հստակ չէ` արդյոք եվրոպական զինված ներկայությանն ուղղված ակնարկը վերաբերում է Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը, որի համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:

Մինչ այդ Իրանի նախագահականն էր հաղորդել Ալիև֊Ռաիսի հանդիպման մասին: «Էբրահիմ Ռաիսին ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն: Հիշեցնելով, որ Իրանն առաջին երկիրն էր, որը շնորհավորեց Լեռնային Ղարաբաղի ազատագրումը, նախագահ Ռաիսին հավելել է` Թեհրանը պատրաստ է իր ներուժն օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները հարթելու համար», - հաղորդել է Իրանի նախագահական նստավայրը:

Սա Ալիևի և Ռաիսիի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր մեկ ամիս առաջ տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ: Շաբաթներ առաջ էլ Իրանի ԶՈՒ շտաբի պետ Մոհամադ Բաղերին էր զգուշացրել, թե «Թեհրանը չի հանդուրժի հարևան Հայաստանի հետ սահմանների որևէ փոփոխություն»:

Ադրբեջանական կողմը այս զգուշացումների մասին որևէ բան չի հաղորդում: Ըստ պաշտոնական Բաքվի, Ռաիսին պնդել է, թե «Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է Իրանի հարևանների շարքում, գոհունակություն հայտնել տնտեսական ու առևտրային կապերից և հավաստիացրել, որ Թեհրանը լուրջ մտադրություններ ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը է՛լ ավելի ընդարձակելու վերաբերյալ»:

Ալիևն իր հերթին, ըստ նախագահականի, կրկին պնդել է, թե Հայաստանն է մեկ ամիս առաջ սադրանքների դիմել, մինչդեռ Բաքուն հակված է խաղաղության և Երևանին ներկայացրել է խաղաղության համաձայնագիր` հինգ կետերով: «Կարծում եմ` մենք կարող ենք հասնել առաջընթացի, եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի», - Իրանի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG