Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դելիմիտացիայի հանձնաժողովի քարտուղարություն է ստեղծել


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցով պետական հանձնաժողովի քարտուղարություն է ստեղծել, որը գործելու է Նախարարների կաբինետի աշխատակազմին կից։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը, փաստաթուղթը հրապարակվել է Ադրբեջանի Նախարարների կաբինետի կայքէջում։

Նշվում է, որ հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովի քարտուղարության լիազորություններից են պետական հանձնաժողովի, փորձագիտական և աշխատանքային խմբերի աշխատանքային պլանի նախապատրաստումն ու քննարկումը, հարցերի նախապատրաստումը, որոնք ենթակա են հանձնաժողովի նիստի քննարկմանը, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի պատրաստումը և քննարկումը՝ փորձագիտական կամ աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ։

Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցով պետական հանձնաժողովն Ադրբեջանում ստեղծվել է այս տարվա մայիսին, այն գլխավորում է երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Ադրբեջանն ու Հայաստանը սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովների մակարդակով մինչ օրս երկու նիստ են անցկացրել՝ մայիսին և օգոստոսին, երրորդը նախատեսված է այս ամիս՝ Բրյուսելում:

XS
SM
MD
LG