Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Ալիևը քննարկել է Ռուսաստանի, Իրանի նախագահների հետ


Ադրբեջանը տրամադրված է հասնելու «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության», այս մասին Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր բոլոր հանդիպումներում մենք չենք շրջանցում մեր տարածաշրջանի խնդիրները, անվտանգության, տարածաշրջանում խաղաղության հասնելու խնդիրները: Այսօր մենք նաև այս մասին կխոսենք: Մենք տրամադրված ենք հասնելու երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում և կարծում ենք, որ մեր կողմից առաջարկել ենք բավական կառուցողական թեզեր, որպեսզի այդ խաղաղությունն ի վերջո ձեռք բերվի»,- հայտարարել է Ալիևը։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում Ալիևի մատնանշած երկարաժամկետ խաղաղության գործում Մոսկվայի երբեմնի ակտիվ միջնորդությանը փոխարինում է Արևմուտքը։ Ռուսաստանի իշխանությունները չեն թաքցնում իրենց դժգոհությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելի և Վաշինգտոնի գործադրած ջանքերի կապակցությամբ։

Կրեմլի ղեկավարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման մեկնարկին շեշտել է՝ տարածաշրջանը շարունակում է մնալ Մոսկվայի տեսադաշտում։

«Բնականաբար, մենք միշտ մեր տեսադաշտում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հույս ունեմ, որ այս առիթից էլ կօգտվենք, որպեսզի բոլոր այդ հարցերի շուրջ խոսենք, ևս մեկ անգամ ճշտենք դիրքորոշումները»,- ասել է նախագահ Պուտինը:

Այս տարվա փետրվարին պաշտոնապես դաշնակիցներ դարձած Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաքում՝ Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Վաղը նախագահներ Պուտինը և Ալիևը կմասնակցեն կրկին Աստանայում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժոովին, որին ներկա կլինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ալիևն ու Պուտինը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան- Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հարցը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե Ալիևն ու Պուտինը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան- Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հարցը։ Նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր ասել, թե Մոսկվան մտադիր է առաջարկել եռակողմ գագաթնաժողով անցկացնել՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ՝ հույս հայտնելով համաձայնություն ձեռք բերել ամենամոտ ժամկետներում։

Հանդիպել են նաև Իրանի ու Ադրբեջանի նախագահները

Աստանայում Ադրբեջանի առաջնորդը հանդիպել է մյուս հարևան երկրի առաջնորդի՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Հայ - ադրբեջանական հակամարտության համատեքստում պաշտոնական Թեհրանը շարունակաբար հայտարարում է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, պնդելով, թե կընդդիմանա դրան։ Այսօր նախագահ Ռայիսին ընդգծել է՝ հարևաններից Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է, որի հետ Թեհրանը բազմակողմ համագործակցությունը զարգացնելու լուրջ մտադրություններ ունի։

Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝
Իլհամ Ալիևը իրանցի պաշտոնակցի հետ զրույցում ևս խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, տեղեկացրել, որ Բաքուն հինգ սկզբունք է առաջարկել Երևանին խաղաղության պայմանագիր ստորագրելու համար և
«հավատում է այդ ուղղությամբ առաջընթացին հասնելու հնարավորությանը, եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի»։

Ալիևը «միջազգային հանրությանն է բացատրում, թե ինչու չի բնակեցնում այդ բնակավայրերը». Մարուքյան

Մինչ այդ, Իլհամ Ալիևը զուգահեռաբար շարունակում է միջազգային հարթակներից մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին, այս անգամ, սակայն, առանց սպառնալիքների։ Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, ևս մոտ երկու տասնյակ երկրների ղեկավարների մասնակցությամբ Աստանայում այսօր մեկնարկած գագաթնաժողովում ունեցած ելույթում նախագահ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանին անհրաժեշտ է 30 տարի և 25 միլիարդ դոլար «ականազերծման հետ կապված հարցերի լուծման համար»։ Նա, մասնավորապես, պնդել է, թե «Հայաստանը օկուպացիայի ընթացքում ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել Ադրբեջանի տարածքում»:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականների պայթյունից զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի», - ասել է նա:

Ալիևի մեղադրանքներին հակադարձել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ «իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում»։

Մարուքյանի կարծիքով՝ նման պնդումներով Ադրբեջանի առաջնորդը «միջազգային հանրությանն է բացատրում, թե ինչու չի բնակեցնում այդ բնակավայրերը»:

«Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում», - Ֆեյսբուքում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։

XS
SM
MD
LG