Մատչելիության հղումներ

Ըստ ՔՊ-ի՝ Արցախ-Ադրբեջան  երկխոսության մեխանիզմներ ստեղծելու քննարկումներ կան միջազգային գործընկերների հետ. ընդդիմությունն արձագանքում է


Ստեփանակերտ - Բաքու երկխոսության համար արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը ճկուն քաղաքականություն է վարում, և չի բացառվում, որ Արցախի և Ադրբեջանի միջև ակնկալվող բանակցությունները տեղի ունենան նոր ձևաչափով կամ արդեն իսկ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Ադրբեջանը, մինչդեռ, արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում Արցախի հարցով քննարկում ծավալել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ, պնդելով, թե Արցախում ապրող «հայերը իրենց քաղաքացիներն են, և իրենք կորոշեն ինչպես խոսել նրանց հետ»։

«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ մեկին դեռ վերջնական այսպես հայտնի չեն այդ մեխանիզմները, որովհետև քննարկման դեռևս առարկա են, այս մասին դեռևս քննարկումներ են գնում մեր միջազգային գործընկերների հետ, բայց, բնականաբար, խոսակցությունը գնում է հնարավորինս արդյունավետ մեխանիզմների համար, որպեսզի այդ երկխոսությունը հնարավորինս ստացվի, և մենք կարողանանք այս առումով քայլ առաջ անել և կարողանալ ապահովել արցախահայության իրավունքները իրենց հողում: Սա է, սրանից ավելի բան այս պահին դեռ չեմ կարող ասել, որևէ մեկը չի կարող ասել», - նշեց պատգամավորը:

«Ազատություն». - Բայց կոնցեպտը ինչպե՞ս եք պատկերացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներո՞ւմ, թե՞ նոր ձևաչափ:

Արթուր Հովհաննիսյան. - Տեսեք, հիմա այնպիսի իրավիճակ է, որ նաև նորա ձևաչափեր են, եթե կարող ենք մենք դրանց ձևաչափեր անվանել, օրինակ, հնարավորինս ճկուն քաղաքականություն ենք վարում, և չի բացառվում՝ ինչու չէ նաև այլ նոր ձևաչափ լինի, չի բացառվում՝ ԵԱՀԿ տիրույթում լինի, այսինքն՝ սրանք բաներ են, որոնց մասին դեռ ժամանակը չէ, որովհետև քննարկումներ են գնում, և կոնկրետություններ դեռևս չկան այս առումով:

Ադրբեջանն այսօր Արցախի հետ բանակցելու որևէ պատճառ չունի, համոզված է Աղվան Վարդանյանը

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մինչդեռ համոզված է՝ Ադրբեջանն այսօր Արցախի հետ բանակցելու որևէ պատճառ չունի, Ստեփանակերտ - Բաքու երկխոսության մասին հայտարարություններով Հայաստանի իշխանությունն ընդամենը լվանում է ձեռքերը Արցախից։

«Ես չեմ հավատում, որ Արցախի իշխանություններ - Ադրբեջան որևէ ռեալ բանակցություն կլինի: Տասնամյակներ շարունակ Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը: Դա եղել է նաև այս իշխանության բոլոր նախկին թեզերում, ծրագրերում արտահայտված: Եթե նա հրաժարվում է, Ալիևն ինչո՞ւ պիտի համաձայնի պաշտպանել արցախահայության իրավունքները, ազատությունները, անվտանգությունը: Բնականաբար, որևէ միջազգային ռեալ դրդապատճառ, որ Ադրբեջանը բանակցի Արցախի իշխանությունների հետ, այսօր ես չեմ տեսնում», - հայտարարեց պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը պնդում է, որ պետք է ամեն ինչ անել՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրկին սկսի գործել

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում է, թե չի պատկերացնում՝ ինչպես է Արցախը բանակցելու, ինչ կարգավիճակով է միջազգային գործընկերների հետ փոխհարաբերվելու, ուստի, Հայաստանը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը՝ որպես նրա անվտանգության երաշխավոր։

Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել, որ Արցախի հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կրկին սկսի գործել, պետք է միջազգային այդ կառույցին բացատրել, որ նրանց անգործությունը կարող է հանգեցնել Արցախի 120 հազար բնակչության կորստին։

«Հիմա ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընկալում է որպես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայրենիք և հավասարապես ատում, բայց մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի այդպիսի վերաբերմունքը շարունակի գերիշխել, և չի նշանակում, որ եթե մի հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, ուրեմն ամբողջ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Արցախից: Սա անթույլատրելի է, և կարծում եմ, որ հնարավորություն կլինի ինչ-որ պահի ոչ ասելու այս նկրտումներին, որովհետև որևէ դեպքում մենք չպետք է թույլ տանք, որ Արցախը մնա միայնակ», - ընդգծեց Թովմասյանը։

Ընդդիմությունը շարունակում է պնդել՝ ստեղծված իրավիճակում Փաշինյանը պետք է հեռանա։ Մնում է, որ ի՞նչ անի, հարցնում է «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը՝ ընդունելով, որ մեղավոր է նաև ընդդիմությունը, որին առայսօր չի հաջողվել իշխանությունից հեռացնել վարչապետին. «Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել, ուրեմն լավ չենք աշխատել, հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք: Վստահ եղեք, չենք համակերպվելու, հեռացնելու ենք»:

Անդրադառնալով անցած շաբաթ Մայր Աթոռից հնչած հայտարարությանը, թե Կաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները կրկին հանդիպեն, Աղվան Վարդանյանն ասաց, թե Կաթողիկոսի խոսքը չի կարող անհետևանք մնալ, նախկին նախագահները պետք է հանդիպեն և ճիշտ ձևակերպեն խնդիրը:

«Նույն կամ նոր կազմով հանդիպեք, ձևակերպեք խնդիրը ճիշտ՝ պետք է հեռանա, որ շանս ունենանք, ուղերձով դիմեք Հայաստանին, Արցախին, Սփյուռքին՝ համախմբվել», - ասաց նա:

Սեպտեմբերի 23 -ին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն առաջին անգամ հանդիպեցին Մայր Աթոռում։ Ժամեր տևած հանդիպման արդյունքում, սակայն, այդպես էլ որեւէ համաձայնության չեկան՝ որոշելով շարունակել հանդիպումները։ Ավելի ուշ, սակայն, Կաթողիկոսի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը առաջին նախագահ Տեր- Պետրոսյանը սպառված համարեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG