Մատչելիության հղումներ

Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ


Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանը հակված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ։ Միևնույն ժամանակ չի հստակեցնում՝ ի՞նչ միջազգային մեխանիզմներով է Ստեփանակերտը բանակցելու Բաքվի հետ այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարն ասում է՝ միջազգային որևէ խաղացողի հետ չի պատրաստվում քննարկել Արցախի հայերի հարցը։

Նախօրեին պատասխանելով «Արմենպրեսի» հարցին, թե առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ Պրահայի բանակցություններում կողմերը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամությունը, Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակն ասել է. «Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»։

«Ցավոք սրտի, Ադրբեջանը միայն Հայաստանի հետ չէ, որ չի պատրաստվում քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Նրանք հայտարարում են, որ ընդհանրապես որևէ մեկի հետ չեն պատրաստվում քննարկել: Ու այս հարցում, բարեբախտաբար, մեր և միջազգային հանրության, միջազգային կառույցների տեսակետերը համընկնում են, որովհետև միշտ էլ դեռևս պատերազմից առաջ բազմիցս նշվել է ամենաբարձր մակարդակով, որ բանակցությունների ինչ-որ փուլում, երբ խոսքը վերաբերի Արցախի կարգավիճակին, ապա Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի այդ բանակցություններին։ Մենք հասկանում ենք նաև, որ Ադրբեջանի նպատակը չէ երկխոսությունը, ինչպես իրենք են ասում, Ղարաբաղի հայերի հետ, նրանց նպատակն է հայաթափել Արցախը։ Հասկանում ենք նաև, որ անվտանգային որևէ երաշխիք չի կարող լինել առանց միջազգային մասնակցության ու երաշխիքների», - նկատեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքական մեկնաբանը կարծում է՝ այս պահին Հայաստանը պետք է պնդի, որ Ադրբեջանը եթե ոչ Հայաստանի, ապա գոնե միջազգային կառույցների հետ հարցը քննարկի, այլապես Արցախի հայությունը անվտանգության որևէ երաշխիք չի կարող ունենալ։

«Հայաստանը այս հարցում պետք է անուղղակիորեն երկխոսության մեջ մտնի Ադրբեջանի հետ՝ միջազգային կառույցների միջոցով, այսինքն՝ թող բանակցողը Հայաստանը չլինի, այլ միջազգային կառույցները լինեն, կարևորը, որ այդ ամենի հիմքում լինի արացախահայության իրավունքների ու անվտանգության ապահովումը, ընդ որում՝ ամուր երաշխիքներով», - ընդգծեց Բաղդասարյանը։

Ստեփանակերտից օրեր շարունակ հայտարարում են՝ պատրաստ են բանակցել Բաքվի հետ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և որպես բանակցային լիիրավ կողմ։ 44-օրյա պատերազմից հետո, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում:

Իլհամ Ալիևը օրերս դարձյալ հայտարարել էր, թե Բաքուն կընդդիմանա ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերին։ Արդյոք այլ միջազգային ձևաչափ քննարկվում է, չի հստակեցվում, Արցախից միայն հայտնում են, որ այս պահին ադրբեջանական կողմի հետ շփումները միայն ենթակառուցվածքային հարցերի շուրջ են։

Օրերս Պրահայում ժամեր տևած բանակցություններից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությունում արձանագրվեց նաև, որ Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Ադրբեջանը համաձայնել է համագործակցել՝ այնքանով, որքանով որ առնչություն կունենա դրա հետ։

ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, պարզաբանել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ դարձյալ շատ մանրամասներ չհայտնելով։ Խոսնակի փոխանցմամբ՝ առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի մասին խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների փուլում։

XS
SM
MD
LG