Մատչելիության հղումներ

Լուծումը Ստեփանակերտ-Բաքու ձևաչափին թողնելը նշանակում է Արցախն առանց հայի. Աննա Գրիգորյան


«Ազատությունը» հյուրընկալել է Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանին։

«Ազատություն». - Իլհամ Ալիևի հետ նախատեսված հանդիպումից ժամեր առաջ երեկ խորհրդարանում վարչապետն ասաց, որ վերջին շրջանի բանակցությունների բովանդակությամբ տեսնում է ճանապարհ լուծման։ Դուք կռահո՞ւմ եք ինչի մասին է խոսքը։

Գրիգորյան. - Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով, թե Ադրբեջանը կոնկրետ ինչ պահանջներ է դրել Հայաստանի Հանրապետության առջև։ Այսինքն՝ պահանջների համատեքստը քննարկելիս դժվար է հասկանալ, թե ընդհանրապես ինչ առաջընթացի մասին կարող է գնալ խոսքը։ Հետևաբար ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից խոսելիս ընդամենը ուզում էր ասել, որ այո, ես վճռական եմ ստորագրել ցանկացած փաստաթուղթ՝ եթե նույնիսկ այնտեղ ներառված է, օրինակ, Արցախի վերջնականապես ամրագրումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Այսինքն՝ իր վճռականությունը ինքը մեծ հաշվով արտահայտել է և որևէ տեղ նույնիսկ չի թողել քննարկելու, թե հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ճակատագիրը ինչպես է լուծվելու, անվտանգության ինչ երաշխիքներ են ապահովելու այդ մարդկանց համար։ Դեռ չեմ խոսում Զանգեզուրի հնարավոր միջանցքի մասին, ընդհանրապես Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի գոյության մասին։

«Ազատություն». - Կարծես ինչ-որ լուծում ուրվագծվում է, ըստ իր խոսքի։ Որ ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը, 29 հազար 800-ի անձեռնմխելիությունը ապահովենք Հայաստանի տարածքի, իսկ Արցածի ճակատագիրը մնում է Ստեփանակերտ - Բաքու բանակցությունների ձևաչափին։

Գրիգորյան. - Եթե նույնիսկ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և որևէ անդրադարձ չի կատարվում Արցախյան հիմնախնդրին կամ Արցախի կարգավիճակին, դա նշանակում է ուղիղ դատապարտել հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին էթնիկ զտման ու սկսել «Արցախն առանց հայի» պրոցեսը։ Եվ միֆ է, երևակայություն է այն թեզը, որ մենք դուրս ենք գալիս բանակցային պրոցեսից, եթե Ստեփանակերտն ու Բաքուն որոշեն, թե ինչպես են հետո իրար հետ ապրելու։ Եթե Երևանը, ունենալով ավելի բարձր կշիռ միջազգային հարաբերություններում, չի կարողանում հասնել նրան, որպեսզի Արցախը ունենա որևէ կարգավիճակ, ինչպե՞ս կարող է Ստեփանակերտը, Բաքվի հետ մեն-մենակ մնալով, որոշակի կարգավիճակ իրեն ապահովել։ Սա ուղղակի աբսուրդ է, սա ուղղակի միջոց է մոլորեցնելու մեր ժողովրդին, ասելու, որ մենք դուրս են գալիս, բայց այլ ֆորմատ ենք ձևավորում։ Իմիջիայլոց, Արցախում Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ էր տեղի ունեցել, հայտարարություն էր ընդունվել, որտեղ հետևյալ ամրագրումը կար, որ պետք է լիարժեք այնպիսի ֆորմատ գոյություն ունենա, միջազգային այնպիսի ֆորմատ, որտեղ Արցախն իսկապես նորմալ ներկայացվածություն կարող է ունենալ, միգուցե դրանից հետո հնարավոր լինի բանակցություններ վարել։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը, երբ տարիներ շարունակ ասում էր՝ Արցախը պետք է լիարժեք կողմ դառնա, չի կարողացել անել մինչև պատերազմը, ապա պատերազմից հետո ես գրեթե բացառում եմ, որ նման ֆորմատ ձևավորվի։ Եվ թողնել Արցախը, այսինքն՝ պաշտոնական Ստեփանակերտը, Բաքուն, որևէ կերպ նաև Մոսկվայի ներգրավվածությամբ, ուղիղ նշանակում է ենթակայություն ադրբեջանական։ Եվ դա կարող է մաքսիմում քննարկվել, օրինակ, Արցախում մի հայկական դպրոց լինի, թե չլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG