Մատչելիության հղումներ

Փաշինյանը, ըստ ընդդիմադիրների, պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ փորձելով դրա պատասխանատվությունը բարդել «նախկինների» վրա 


Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ միաժամանակ փորձելով դրա համար պատասխանատու դարձնել նախկին իշխանություններին։

«Այսինքն՝ ինքը հասարակությանը հերթական իր դավաճանական քայլերից առաջ փորձում է նախապատրաստել և հերթական անգամ նախկինների գրպանը տեղավորել էդ պրոցեսը», - ասում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ինքը պատրաստվում է նոր կապիտուլյացիայի։ Դրա մասին երեկ բաց խոսեց։ Երեկ նա ասաց փաստացի, որ այո, Արցախը նա ճանաչելու է Ադրբեջանի կազմում։ Պարզապես փորձեց էդ մեղքը բարդել նախկինների վրա», - նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Փաշինյանը երեկ Ազգային ժողովում պնդել էր, թե դեռևս 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով, ապա նաև Մադրիդյան հայտնի սկզբունքներով Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Քոչարյանի և Սարգսյանի թիմակիցները հակադարձում են՝ այդ դեպքում ինչո՞ւ անցած տարիներին Ադրբեջանի իշխանությունները գոնե մեկ անգամ այդ մասին հրապարակավ չեն հայտարարել։

Ագնեսա Խամոյան
Ագնեսա Խամոյան

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Փաշինյանին հարցում է՝ եթե նախկիններն արդեն իսկ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, ինչո՞ւ է Ալիևը հիմա ամեն գնով փորձում պարտադրել Փաշինյանին խաղաղաղության պայմանագիր կնքել և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամոբողջականությունը. - «Ինչո՞ւ է Ալիևը ամեն ինչ անում, իրեն պատառոտում, Նիկոլ Փաշինյանին պարտադրում, որ վերջինս ստորագրի խաղաղության համաձայնագիր, որի առաջին կետը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է՝ Փաշինյանը իրականությունն աղավաղելու համար այնպիսի փաստարկների է դիմում, որոնց անգամ Ալիևն ու ադրբեջանական դիվանագիտությունը երբևէ չեն դիմել. - «Դուք պատկերացրեք ինչ աստիճանի սուտ է դա, որ անգամ ստից չխորշող, փրփուրներից կառչող, մանիպուլյացիաների գրոսմայստեր ադրբեջանական դիվանագիտությունը երբևէ ոչ մի հարթակում չի ասել այսպիսի հիմարություն։ Որովհետև հասկացել է, որ հիմք չկա դրա համար»։

Անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքին, որ դեռ Քոչարյանի օրոք, 1999- ի Ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով Հայաստանը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ Խամոյանը հակադարձում է՝ այդ փաստաթղթով չի ճանաչվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. - «Էդտեղ խոսվում է, օրինակ, Ռուսաստանի տարածքային ամբողջականության մասին, Մոլդովայի, Կոսովոյի տարածքային ամբողջականության մասին, և միայն Արցախի դեպքում է, Ղարաբաղյան հակամարտության դեպքում է, որ խոսք չի գնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»։

Ինչ վերաբերում է 2007-ի Մադրիդյան սկզբունքներին, ապա Խամոյանը հիշեցնում է՝ այդ փաստաղթղում խոսվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանն էլ հիշեցնում է՝ 2020 թվականի հունվարին Կապանի ասուլիսում Փաշինյանը ընթերցեց ղարաբաղյան բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, որտեղ կրկին խոսվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

«Կարող ենք ֆիքսել, թե Սերժ Սարգսյանը ինչ ա թողել սեղանին բովանդակային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Մեջբերում եմ. Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։ Հաջորդ կետը. Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտություն հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով», - ասել էր Փաշինյանը։

Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան

«Եթե սա կապիտուլյացիա է, այսինքն՝ հայկական երկրորդ պետականության ստեղծման համար հնարավորություն, երկու ռազմավարական շրջանը պահելու հնարավորություն, միջանկյալ երաշխավորված կարգավիճակ միջազգային անվտանգային երաշխիքներով... եթե սա կապիտուլյացիա է, բա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ի՞նչ է», - հակադարձեց Աշոտյանը։

Բացի այդ, ընդդիմադիրները հիշեցրին, որ դեռ 2019-ին վարչապետը հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է թե ինչ որ պետք է այն էլ բանակցում է, իսկ հիմա փորձում է ողջ պատասխանատվությունը բարդել նախկինների վրա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG