Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ


ԱՄՆ Կոնգրես, Վաշինգտոն
ԱՄՆ Կոնգրես, Վաշինգտոն

«Տեղեկությունը ստացել ենք Պենտագոնի, Կոնգրեսի ու Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող տարբեր աղբյուրներից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ պատասխանելով հարցին՝ որտեղի՞ց տեղեկությունը, որ ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը։

Մի քանի ժամ առաջ տեղեկությունը հայտնվեց հանձնախմբի ֆեյսբուքյան էջում. «1991 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ի քաղաքականություն մշակողները՝ Կոնգրեսում երկկուսակցական կայուն ճնշման ներքո, քննարկում են Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանվելու համար»։

Չուլջյանը, սակայն, չբացահայտեց տեղեկությունը հայտնած ամերիկացի պաշտոնյաներին։ Միայն ասաց՝ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում, կարծում է՝ հստակություն առաջիկա օրերին կլինի։

«Պենտագոնի և Կոնգրեսի աղբյուրները ներկայացնում են, որ հիմա իրավիճակ է ստեղծվել ու Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիայի կառավարությունը շարունակում են իրենց հարձակումները Հայաստանի և Արցախի վրա և հիմա ամեն տեսակի ռազմական օժանդակությունը քննարկվում է ներկայումս, այդ թվում՝ զենքի վաճառքը», - նշեց Չուլջյանը:

Ադրբեջանական վերջին հարձակման օրերին Փաշինյանն էր խոսել պաշտպանական զենք ձեռք բերելու դժվարությունների մասին, թե փողը կա, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ սպառազինություն վաճառել Հայաստանին։ Ավելի ուղիղ ԱԺ նախագահ Սիմոյանն էր ասել՝ «զենքի կարիք ունենք»:

Դրանից հետո ԱՄՆ ամենաբարձրաստիճան ու ազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Երևանում ասաց՝ այստեղ են` հասկանալու, թե Երևանն ի՞նչ է ակնկալում Վաշինգտոնից՝ պատասխանելով ուղիղ հարցին՝ արդյոք Միացյալ Նահանգները պատրա՞ստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին։

Այս հայտարարությանը հետևել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարարին։ Ամերիկյան զենք գնելու հարցը Հայաստանի իշխանությունը Փելոսիի այցի ժամանա՞կ է բարձրացրել։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը հորդորեց ճշտել հայաստանյան աղբյուրներից։

Ըստ Պետդեպարտամենտի, այլ երկրի զենք վաճառելու համար Միացյալ Նահանգները պետք է տվյալ պետությունից պաշտոնական նամակ-դիմում ստանա, որը հետագայում քննվում ու հաստատվում է Ամերիկյան կառավարության կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում դրա մասին տեղեկացվում է նաև Կոնգրեսը։

Երևանում բաց տեքստով չեն խոսում՝ արդյոք բանակցում են կամ արդեն իսկ դիմում ուղարկել են Վաշինգտոն, բայց ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի անդամ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Գագիկ Մելքոնյանն ակնարկեց. Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ են ժամանակակից զինատեսակներ։

«Փելոսին մեզ ասաց՝ ձեզ ի՞նչ է պետք, բառացի, մեզ էլ զենք է պետք, որ պետք է ասենք, ասել ենք, ասում ենք, որ մեզ զենք է պետք, որ զենք վաճառեք մեզ, հիմա արդեն էդ երկիրը պիտի որոշում կայացնի՝ մեզ զենք վաճառելու է, թե չի վաճառելու: Հիմա պայմանավորվածություններ պիտի ձեռքբերվեն, մեր իշխանությունները կատարում են այդ գործողությունները: Ամերիկայում էր գտնվում մեր արտգործնախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, այնտեղ էր նաև վարչապետը, հիմա նշանակում է՝ ինչ-որ բան կատարվում է չէ՞: Ինչ-որ համաձայնություններ պետք է որ լինեն՝ ես հույսով եմ: Մենք էլ ունենք իրավունք չէ՞ զենք գնենք, երբ որ ասենք ՀԱՊԿ անդամ երկրները մեզ չեն զինում, զենք չեն վաճառում, հիմա արդեն պետք է որոնենք այլ երկրներ, որպեսզի մենք կարողանանք զինվենք», - ասաց Մելքոնյանը:

Երևանում ընդդիմադիր գործընկերների հետ Նենսի Փելոսիին հանդիպել էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունից, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Կոնկրետ զենքի մասով որևէ խոստում ինքը չի հնչեցրել մեզ հետ հանդիպման ժամանակ, բայց ակնհայտորեն վերաբերմունքը այնպիսին էր, որ մենք չենք թույլ տա, որ Հայաստանից մեկ քառակուսի մետր անգամ, սանտիմետր անգամ կորուստ լինի: Հայաստանը երկու տարիների ընթացքում փաստորեն, ոչինչ չի արել ու հիմա փաստի առաջ ենք կանգնած, ու ես հուսամ, որ ԱՄՆ-ն իսկապես մեզ կաջակցի ու ոչ միայն ԱՄՆ-ը, այլ աշխարհի նաև շատ երկրներ», - ասաց Թովմասյանը:

Ղարաբաղյան հակամարտության երեք տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ի տարբերություն Ռուսաստանի, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին զենք չեն վաճառել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG