Մատչելիության հղումներ

Բայդեն. Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին


ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը, ասված է Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հղած շնորհավորական ուղերձում:

«Մենք հավատարիմ ենք մնում Ձեր և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար», - նաև ասված է ուղերձում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը», - Փաշինյանի գրել է Բայդենը: - «Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը ժողովրդավարությանը և մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը»։

ԱՄՆ նախագահն ընդգծում է, որ «վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ և խաղաղ ապագա, ինչը ներառում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում», և ցավակցություն հայտնում վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը տարածաշրջանում առավել կայունություն հաստատելու ջանքերին», - ասված է Հայաստանի վարչապետին ԱՄՆ նախագահի հղած ուղերձում:

«Այս տարի ԱՄՆ-Հայաստան մեր նորացված ռազմավարական երկխոսությունը վերահաստատեց մեր համատեղ հանձնառությունը երկկողմ հարաբերություններում կապերի ամրապնդմանը և ընդգծեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին: Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին, մինչ դուք շարունակում եք աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի, հաշվետու ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ուժեղացման ուղղությամբ:

Մեր համատեղ աշխատանքն անցած տարվա ընթացքում շարունակել է ամրապնդել և խորացնել մեր ժողովուրդների միջև կապերը: Ամբողջ հայ ժողովրդին մաղթում եմ անվտանգ և խաղաղ Անկախության տոն», - ասված է Ջո Բայդենի ուղերձում, որը հայերեն թարգմանությամբ տարածել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը:

Հայաստանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG