Մատչելիության հղումներ

Թուրքիայի զինվորական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ՝ քննարկելու F-16-ի գնման հարցը


Թուրքիայի զինվորական պատվիրակությունն ամերիկյան կողմի հրավերով այսօր մեկնել է Միացյալ Նահանգներ՝ քննարկելու F-16 կործանիչների գնման և արդեն ձեռք բերված ինքնաթիռների արդիականացման հարցը, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Թուրքական կողմը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ կունենա ամերիկյան սպառազինության գնման տեխնիկական մանրամասների շուրջ:

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 օդանավերը:

Փոխհատուցում ստանալու ակնկալիքով դեռ անցած տարվա սեպտեմբերին Անկարան այս հարցով դիմել էր Վաշինգտոնին: Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ստանալ 40 միավոր F-16, ինչպես նաև թուրքական բանակի կազմում արդեն իսկ ընդգրկված 79 օդանավերի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր։

Երկու երկրների ներկայացուցիչները արդեն երեք անգամ հանդիպել են, բայց վերջնական համաձայնության դեռ չեն եկել շուրջ 6 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շուրջ:

Հունիսի վերջին Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ կայացած Բայդեն-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե պետք է լուծել F-16 կործանիչների հարցը, բայց անհրաժեշտ է ստանալ նաև Կոնգրեսի հավանությունը, և կարծիք հայտնել, թե կկարողանան հասնել դրան: Անցած ամիս ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը 34 օրենսդիրների հետ միասին նամակ էր հղել նախագահ Բայդենին՝ կոչ անելով Թուրքիային չվաճառել ամերիկյան կործանիչները, քանի որ դրանք տարածաշրջանում նոր արհավիրքների պատճառ կդառնան:

Իսկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հունական պարբերականներից մեկին ասել էր, որ Անկարան F-16-ի գործարքի համար մի շարք պայմաններ պետք է կատարի, մասնավորապես հրաժարվի ռուսական պաշտպանական համակարգերից, դադարեցնի տարածքային վեճերը Հունաստանի հետ, հարգի արևմտյան արժեքներն ու մարդու իրավունքները:

Անցած շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե Անկարան կտրականապես դեմ է ամերիկացի օրենսդիրների առաջ քաշած պայմաններին։

Փորձագետների կարծիքով՝ Անկարան հմտորեն մանևրում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ձգտելով երկու կողմից էլ օգուտ քաղել: Թուրքիան իր այս քաղաքականությունը շարունակում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ մի կողմից դատապարտելով ռուսական ներխուժումը Ուկրաինա, մյուս կողմից չմիանալով Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, ասում է արևելագետ Մարիաննա Բելենկայան:

«Թուրքիայի տեսանկյունից այստեղ հակասություն չկա: Թուրքիան բացառապես իր օգտին է աշխատում, սեփական շահի համար: Տեսնում ենք, որ Թուրքիան ամեն ինչ անհատույց չի անում, այլ տնտեսական ու քաղաքական մեծ շահ է ստանում», -ասում է Բելենկայան:

Մինչ Անկարան ու Վաշինգտոնը փորձում են համաձայնության գալ ամերիկյան կործանիչների շուրջ, Մոսկվան հայտարարում է, որ շարունակում է Թուրքիայի հետ բանակցել S-400 համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման հարցով:

Ռուսաստանի փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարը «Ինտերֆաքսին» ասել է, որ ռուս-թուրքական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է մի շարք բնագավառներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական: Դենիս Մանտուրովը ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է կարևոր դաշնակից մնալ Ռուսաստանի համար:

Պաշտոնական տվյալներով՝ Անկարան Մոսվայից արդեն գնել է 2,5 մլրդ դոլարի հակաօդային պաշտպանության համակարգեր: Շուրջ մեկ տարի առաջ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ պատրաստվում են գնել S-400-ի նաև երկրորդ խմբաքանակը:

XS
SM
MD
LG