Մատչելիության հղումներ

Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել սենատորներ Մենենդեսի և Մաքքոնելի հետ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի, Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ։

Միրզոյանը Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։
Միրզոյանը Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Միրզոյանը Մենենդեսի հետ քննարկել է հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգը, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը և տարածաշրջանային իրավիճակի հարցեր, ներկայացրել Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։ Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։

Ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանում 38 հայ գերի կա, նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։

Միրզոյանը Մաքքոնելին է փոխանցում Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար
Միրզոյանը Մաքքոնելին է փոխանցում Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար

Մաքքոնելի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Ապրիլի 8-ին Միրզոյանը Մոսկվայում էր։ Հայաստանցի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։ Սերգեյ Լավրովը պնդեց, թե Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։

Այդ հայտարարությունից հետո, այդուհանդերձ, թե՛ Ֆրանսիան և թե՛ Միացյալ Նահանգները հայտարարեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, նաև Հայաստան այցելեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Ռուսաստանը, մինչդեռ, Մինսկի խմբում իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակեց արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։

Բաքուն պատերազմից հետո պարբերաբար պնդում է, թե ղարաբաղյան հարցը լուծված է, իսկ նախագահ Ալիևն էլ մի քանի անգամ թոշակի է ուղարկել համանախագահներին։

XS
SM
MD
LG