Մատչելիության հղումներ

Մենենդեսն առաջարկում է ստուգել Թուրքիայից Bayraktar-ի արտահանումները, սահմանափակել օգնությունն Ադրբեջանին


ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը մտադիր է փոփոխություններ նախաձեռնել 2022 թվականի պաշտպանական բյուջեի նախագծում, որոնք նախատեսում են Թուրքիայից անօդաչու թռչող սարքերի արտահանման խախտումների վերաբերյալ ստուգումներ, ինչպես նաև Ադրբեջանին օգնության հնարավոր սահմանափակումներ: Այս մասին ասվում է Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատորի երեկ տարածած հայտարարությունում։

Մենենդեսը փորձում է հասնել նրան, որ Պենտագոնը հաշվետվություն ներկայացնի, թե արդյոք թուրքական անօդաչու թռչող սարքերն ունեն ամերիկյան արտադրության բաղադրիչներ: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները պետք է գնահատեն՝ Անկարայի կողմից այդ սարքերի մատակարարումները չե՞ն հակասում արդյոք ամերիկյան օրենքներին։

«Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքը վտանգավոր է, ապակայունացնում է իրավիճակը և սպառնալիք է խաղաղությանն ու մարդու իրավունքներին», - ընդգծել է սենատորը։ - «Միացյալ Նահանգները չպետք է մասնակցի դրան, այս փոփոխությունն ընդգծում է, որ մենք պետք է թույլ չտանք ամերիկյան բաղադրիչների կիրառումը թուրքական այս զենքի մեջ»։

Մենենդեսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «թուրքական անօդաչու թռչող սարքերը որոշիչ դեր են խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա պատերազմում»։ «Այդ ժամանակից ի վեր Լեհաստանը, Մարոկկոն և Ուկրաինան գնել են Bayraktar TB2-ը, և մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել դրա հետ կապված, այդ թվում՝ Անգոլան, Եթովպիան, Նիգերը, Նիգերիան և Ռուանդան», - ասել է սենատորը։

Միացյալ Նահանգներում ֆինանսական տարին մեկնարկում է նախորդող տարվա հոկտեմբերի 1-ին։

XS
SM
MD
LG