Մատչելիության հղումներ

Բլինքեն․ «Փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատև քաղաքական կարգավորմանը»


 ԱՄՆ - Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 26-ը ապրիլի, 2022թ․
ԱՄՆ - Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 26-ը ապրիլի, 2022թ․

Միացյալ Նահանգները փորձում է կասեցնել Բաքվի՝ իրավիճակն ապակայունացնող միակողմանի գործողությունները։ Այս մասին նախօրեին հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Թե Բաքվի որ գործողությունները նկատի ունի, պետքարտուղար Բլինքենը չի հստակեցրել։

Հարկ է նկատել, որ նախկինում Նահանգներից բարձր մակարդակով հնչող նմանօրինակ հայտարարությունները հիմնականում ոչ հասցեական էին։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցով վարչակազմի ջանքերի մասին՝ Բլինքենն ասել է, որ «շատ ակտիվ և ուղղակի փոխգործակցում է» ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հիշեցնելով անցած օրերին իր հեռախոսազրույցների մասին՝ Փաշինյանի, Ալիևի և երկու երկրների արտգործնախարարների հետ։

«Մենք փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատև քաղաքական կարգավորմանը և մշակում, առաջ ենք մղում վստահության ամրապնդման տարատեսակ միջոցներ», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ առանց փակագծեր բացելու։

«Մենք փորձել ենք կասեցնել բոլոր միակողմանի գործողությունները, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, որոնք կարող էին լարել իրավիճակը։ Մի շարք ծրագրեր ունենք, որպեսզի օգնենք առաջ մղելու խաղաղ հեռանկարները», - նաև հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաաբերությունների հանձնաժողովում, որտեղ հրավիրված էր պատասխանելու պետբյուջեի նախագծի շուրջ սենատորների հարցերին։

Սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ
Սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ

Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Բլինքենին ուղղված իր հարցում նախ քննադատել է ամերիկյան կառավարությանը Ադրբեջանին 1,4 միլիոն դոլար ավելի աջակցություն տրամադրելու համար, քան Հայաստանին, պնդելով, որ ինքն անձամբ չի պատրաստվում աջակցել այդ փաստաթղթին, որն ավելի շատ աջակցություն է նախատեսում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ներկայությունը վերացնել ցանկացող Բաքվի համար։

«Ես տեսնում եմ, թե ինչ են անում ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ փորձում են վերացնել այնտեղ ապրող հայերի ներկայությունը», - հայտարարել է սենատոր Մենենդեսը՝ հիշեցնելով «Ազատությանն աջակցության ակտի» թիվ 907 լրացման մասին։

Օրենսդրական այդ դրույթն ուժի մեջ է մտել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, և այն ամերիկյան կառավարությանն արգելում է Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրել, քանի դեռ Միացյալ Նահանգների նախագահն անձամբ չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ Բաքուն ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ու գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար:

Բանաձևի պատճառով Ադրբեջանը տարիներ շարունակ Ամերիկայից օժանդակություն չէր ստանում, սակայն մեկ այլ լրամշակումից հետո աջակցության հնարավորությունը վերականգնվել է՝ ահաբեկչության դեմ պայքարի ու Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով, բացի այդ՝ դրանք որևէ կերպ չպետք է խանգարեն Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին և չպետք է օգտագործվեն Հայաստանի դեմ:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը երեկ քննադատում էր ամերիկյան կառավարությանը ինչպես Ադրբեջանին հատկացվող հսկայական աջակցության, այնպես էլ Բաքվի գործողությունների վերաբերյալ ոչ բավարար զեկույցների համար։

Ի պատասխան՝ պետքարտուղարը խոստացել է վերանայել Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվությունների գործընթացը, նաև հավաստիացրել է, որ Վաշինգտոնը փորձում է կանխել Բաքվի միակողմանի ապակայունացնող գործողությունները:

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի համաձայն՝ ամերիկյան կառավարության աջակցությունը Հայաստանին կկազմի 24 միլիոն դոլար, Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկվում, սակայն այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, և դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից:

Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG