Մատչելիության հղումներ

Ըստ պատերազմի մասնակցի` 2 տարում կարելի էր արագ գործելով պարզել պատերազմի հանգամանքները


Իշխան Գևորգյանը արցախյան 44-օրյա պատերազմի թեժ կետերում կռվել է մինչև վերջին օրը։ Պատերազմի ավարտի մասին իմացել է Թաղավարտում՝ հաջող մարտական գործողությունից հետո։ Ասում է` մինչև այսօր էլ պատերազմի հանգամանքների մասին բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը պետությունը պարտավոր է հնչեցնել, օրինակ` ինչո՞ւ արդյունավետ չօգտագործվեց կամավորների ու ՄՈԲ-ի ռեսուրսը:

«Այդ մարդիկ փաստացի սրտանց եկել են, հետո սիստեմն իրենց տեր չի եղել, իսկ տեր չի եղել, որովհետև այդ մարդիկ սրտանցից բացի, ուրիշ ոչ մի ձև չեն եկել, այսինքն` փորձները տեղը չի եղել, վերջին անգամ 10 տարի առաջ են կրակած եղել, շատերի դեպքում պակաս բաներ են եղել` զրահաբաճկոն, կասկա: Իմ կասկան մի ամիս հետո եկավ, հասավ: Աշխարհազորը, ՄՈԲ ռեսուրսը պատրաստելու պարտականությունը պետության վրա է եղել, բոլորս գիտենք` դա ոնց է կատարվել: Ես չէի կարող գնալ, ինձ ստիպել տանել, պարապեցնեին, ինքնուրույն էլ շանս չէին տվել: Կարելի է նույնիսկ նայել, որ դա միտումնավոր է արվել, որովհետև այդքնա մեծ սխալ չի կարելի անել», - նշում է նա:

Գևորգյանն ասում է` մարտական ընկերներով իրենց հետևություններն արել են և քաղաքացիական հրաձգարան են ստեղծել, սպասում են պետական արտոնագրին։ Չի տեսնում, սակայն, թե որն է պետության հետևությունը 44-օրյա պատերազմից հետո։

Իր համար ակնհայտ է հարցի պատասխանը, թե ինչու հայկական կողմը պարտվեց պատերազմում. «Հաղթանակը պատրաստություն է սիրում, ես մեր պատրաստությունը 10-ից 2 կգնահատեմ, 4-5 էլ իմն էր, տեղում մենք մեր դիրքերը մենք ենք սարքել ռմբակոծությունների տակ»:

Պատերազմից շուրջ 2 տարի անց Գևորգյանը չի տեսնում իրական քայլեր, որոնք հավատ կներշնչեն, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները երբևէ օբյեկտիվ կքննվեն, և անկողմնակալ գնահատականներ կհնչեն։ Քրեական գործեր, խորհրդարանական քննիչ հանձնաժողով, այս ամենը պատերազմի մասնակիցը էական չի համարում, քանի դեռ չկա հստակ արդյունք։

«Կրիայի քայլերով է գնում, արագ է պետք գործել, երկու տարում ամբողջը կարելի էր պարզել», - նկատում է նա:

Քրեական գործերի հետ կապված հանրությանը շատ քիչ բան է հայտնի՝ այստեղ նախաքննական գաղտնիքի գործոնը կա։ Իսկ ընդդիմադիրների բոյկոտած խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, ըստ էության, գործունեության նախնական փուլում է։ Օրերս Եռաբլուրում 44-օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Տիրան Խաչատրյանը, ըստ էության, կասկածի տակ դրեց հանձնաժողովի անաչառությունը։

«Երբ խաղը մի դարպասի վրա է, և մի թիմ է խաղում դարպասապահի դեմ ընդամենը, ես չգիտեմ՝ ինչ անաչառ, անկողմնակալ և այլն», - ասաց նա:

Փաշինյանից Հայաստանի հերոսի կոչում ստացած Խաչատրյանը պաշտոնանկ է արվել 2021 թվականի փետրվարի 24 -ին։ Ինչից հետո չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, իսկ վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։

Եթե նախկին բարձրաստիճան պաշտոնյան անիմաստ է համարում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, ինչպե՞ս է հանրությունը ստանալու պատերազմի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց հացերի պատասխաններ, հետաքրքրվեցինք Տիրան Խաչատրյանից։ «Այն, ինչ ձայնագրվում, կամ մեքենագրվում, կամ նկարահանվում է, դա էդ պատերի ներսում է մնալու»,- պատասխանեց նա:

Պաշտպանական գերատեսչությունից «հսկայական ծավալի նյութեր ենք ստացել, հանձնաժողովի անդամներից շատերն էլ արդեն ստացել են գաղտնիության թույլտվություն», թերհավատներին հակադարձում է խորհրդարանական հանձնաժողովի իշխանական նախագահը և կարևոր բացահայտումներ խոստանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG