Մատչելիության հղումներ

Դեռ պարզ չէ` ինչ իրավական հիմքով են արտախորհրդարանականները ներգրավվել պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներում


44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի արդեն երկրորդ նիստն է անցկացվում, սակայն դեռ պարզ չէ` ինչ իրավական հիմքով են արտախորհրդարանականները ներգրավվել այդ աշխատանքներում. հարցին ո՛չ իշխող ուժից, ո՛չ էլ արտախորհրդարանական ուժերից հստակ պատասխան չեն տալիս։

«Ազատական» կուսակցության առաջնորդ, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այսօր նիստից հետո լրագրողներին ասաց, թե երբ ժամանակը գա, դրա մասին կհայտնեն, բայց այդ դեպքում ինչպե՞ս է ինքը մասնակցում աշխատանքներին, երբ օրենքը նման հնարավորություն չի տալիս։

«Օրենքը գտնելու եմ, ձևը, եթե թույլ չտա, չեմ մասնակցի: Արդեն օրենքը գոյություն ունի», - ասաց նա լրագրողներին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ թե՝ այն քաղաքացիները, որոնք ունեն գաղտնի կամ հույժ գաղտնի տեղեկության ծանոթանալու իրավունք, կարող են մասնակցել նիստերին, այդ պատճառով էլ հիմա Ազգային անվտանգության ծառայությունը քննում է հրավիրյալներին։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել միայն իրավասու մշտական հանձնաժողովի պատգամավորները, այս դեպքում Պաշտպանության և անվտանգության հարցերի։

«Շաբաթվա ընթացքում, ինձ թվում է, որ նրանց բոլորին կտրվի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք: Այսօր որևէ գաղտնի և հույժ գաղտնի տեղեկատվություն չի հրապարակվել», - ասաց նա:

Դեռ հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ արտախորհրդարանական ուժերից երեք ներկայացուցիչ պետք է մասնակցի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ու հայտնել էր, որ նրանց մասնակցության համար լուծումներ են փնտրում։

«Քանի որ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ են մասնակցելու, նաև զոհվածների հարազատների ներկայացուցիչ է մասնակցելու, ճիշտ ձևակերպումներ անել, ճիշտ ներգրավել, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի և նախապատրաստական որոշակի աշխատանքից սկսել», - հայտարարել էր վարչապետը:

Պատերազմի պատճառների, կորուստների, պարտության հարցերի պատասխաներն են ցանկանում իշխանականները ստանալ քննիչ հանձնաժողովի միջոցով։ Թե որքան կտևեն դրա աշխատանքները, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է ասել, հայտարարում է, թե եզրակացությունը պետք է հնարավորինս անթերի լինի։ Օրենքով հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ ևս կես տարով երկարաձգվել։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքները նաև Ազգային ժողովից դուրս են իրականացվելու, քանի որ քննվող նյութի ծավալները մեծ են։ Այսօր նիստին նաև զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներն էին մասնակցում։ Թե ինչ հարցեր քննարկվեցին նրանց հետ, լրագրողներին պարզ չդարձավ, քանի որ նիստի միայն սկիզբն էր բաց, մյուս հատվածը դռնփակ անցկացվեց։

Համոզված եմ` Մովսես Հակոբյանը կգա հանձնաժողով. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե չի պատրաստվում գնալ հանձնաժողովի նիստերին։ Թերահավատ է, թե իշխանականները օբյեկտիվ քննություն կանցկացնեն։ Իշխող ուժի պատգամավորը կոչ արեց, որ նախկին բարձրաստիճան զինվորականը նման հայտարարություններ չանի. «Կարծում եմ` ինքը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է, և պարոն Հակոբյանն անպայման, համոզված եմ` կգա հանձնաժողով, հակառակ դեպքում ինքը պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որը պետք է իրեն տրվեր: Այնպես չի, որ իր ֆիզիկական ներկայությամբ է դա լինելու»:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի արդեն երկրորդ նիստն է առանց խորհրդարանական ընդդիմության անցկացվում, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում են հանձնաժողովի աշխատանքները, դրա մասին ավելի վաղ էին հայտարարել` հիմնավորելով, թե իշխանությունները չեն կարող օբյեկտիվ քննել իրենց իսկ գործողությունները:

XS
SM
MD
LG